Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեհաստանի դեսպանը գերազանց է գնահատում հայ-լեհական հարաբերությունները

Լեհաստանի դեսպանը գերազանց է գնահատում հայ-լեհական  
հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  և Լեհաստանի միջև հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Դիվանագետը հիշեցրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս Լեհաստան կատարած պետական այցի և ամենաբարձր մակարդակով ընդունելության մասին: Դեսպանը հաջողված է համարում այդ այցի շրջանակում ՀՀ Նախագահի ունեցած հանդիպումները: Ռաչինսկին հիշեցրեց նաև, որ ՀՀ Նախագահի այցի ընթացքում Վարշավայում խաչքար տեղադրվեց: «Լեհական հասարակությունը, լեհական իշխանությունները ցույց տվեցին իրենց հարգանքը հայկական պետության հանդեպ»,- ընդգծեց նա: Ռաչինսկին վստահեցրեց, որ Լեհաստանը մնալու է Հայաստանի «փաստաբանը» Եվրամիությունում:

Նա չհամաձայնեց այն դիտարմանը, որ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումով Հայաստանն անհարմար վիճակի մեջ է դրել Լեհաստանին: «Ինչպես մարդկային փոխհարաբերություններում, այնպես էլ պետությունների միջև հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է: Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունները, կարելի է ասել, գերազանց են»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց դեսպանը: Ամեն դեպքում, Ռաչինսկին ճիշտ չի համարում նեղացածի դիրք ընդունելը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am