Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանի Հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր. Սերժ 
Սարգսյան

ՔԱՋԱՐԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Քաջարան քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցեց քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի ընթացքում մի շարք անձանց շնորհակալագրեր և մեդալներ հանձնեց: ՀՀ Նախագահը շնորհավորեց քաջարանցիներին քաղաքի տոնի կապակցությամբ՝ նրանց մաղթելով հաջողություն և հույս ու հավատ ապագայի նկատմամբ: «Մենք հինավուրց ժողովուրդ ենք, ունենք հազարամյա քաղաքներ և հաղթահարելով պատմության փորձությունները հասել ենք 21-րդ դար: Շատ հաճախ հարց է առաջանում՝ ինչպես ենք մենք կարողացել հասնել այս օրվան: Պատասխաններից մեկն այն է, որ ունենալով հզոր պատմություն, մեր հասարակության լավագույն մասը միշտ նայում է ապագային: Այդպիսի դրսևորումներից մեկն էլ հենց Քաջարանի կոմբինատի գործարկումն էր և Քաջարան քաղաքի հիմնադրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր Քաջարանը համարվում է Հայաստանի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, իսկ Քաջարանի կոմբինատը՝ տնտեսության հսկան:

ՀՀ նախագահը նշեց, որ հսկաները հենց այնպես չեն առաջանում, այլ դրանք գիտակից և աշխատասեր մարդկանց աշխատանքի արդյունքն են: «Ես վստահ եմ, սիրելի քաջարանցիներ, որ 5 տարի, 10 հետո դուք ավելի լավ եք ապրելու, ավելի երջանիկ եք լինելու: Այսօր քաջարանցիները չեն կարող համեմատել իրենց ներկայիս քաղաքը 30 տարի առաջ եղած քաղաքի հետ, և վստահ եմ, որ 10-20 տարի հետո Քաջարանն անհամեմատելի կլինի այսօրվա քաղաքի հետ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, սիրելի՛ քաջարանցիներ, և վստահ եղեք, որ ձեզ հետ միասին մեր հանրապետությունն առաջ են տանում նաև այլ քաղաքներ, և ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետությունը 10-15 տարի հետո լինելու է բոլորովին այլ երկիր»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ողջունելով քաջարանցիներին եւ ՀՀ նախագահին, վստահություն հայտնեց, որ քաղաքի հոբելյանի համար մեծագույն նվեր է հանրապետության ղեկավարի այցելությունը: «Այսօր հերթական անգամ առիթ ունենք` մեծարելու աշխատավոր մարդուն, ով պատրաստ է իր յուրաքանչյուր կտոր հացը կիսել մեր երկրի այլ մարզերում ապրող անապահով ընտանիքների հետ, ով շնորհիվ իր աշխատանքի` շենացնում եւ զարգացնում է ոչ միայն հարազատ քաղաքն, այլեւ սեփական հայրենիքը, ով իրենն է համարում իր քաղաքի յուրաքանչյուր հաջողություն եւ ամեն մի դժվարություն»,- ասաց մարզպետը:

Վահե Հակոբյանի խոսքով՝ աշխարհի խոշորագույն ութ պղնձամոլիբդենային կոմբինատներից մեկի հիմնադրումը, զարգացումն ու շարունակական գոյությունը քաջարանցու շնորհն է: «Քաջարանցին առանձնացնում է կարևորագույնը եւ սերունդներին փոխանցում իր փորձն ու իմաստությունը. վստահ եմ՝ հինգ տարի անց մենք կունենանք ավելի բարեկարգ քաղաք եւ ավելի բարեկեցիկ կյանք քաջարանցու համար: Այստեղ կարևորագույնը խաղաղության պահպանումն է, որպեսզի աշխատավոր մարդը շարունակի աշխատել ու շենացնել իր երկիրը, եւ ստիպված չլինի կրկին զենք վերցնելու»,- ասաց նա:

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, շնորհավորելով համաքաղաքացիներին, նշեց, որ տոնական միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: «Քաջարանն ապրում եւ հարատևում է նախնյաց ավանդույթների հիման վրա: Այս տարածքում, դեռ մինչեւ քաղաքի հիմնադրումը, հանքագործությունը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Այդ մասին են վկայում հայտնաբերված հանքախորշերը եւ հնագույն հանքարդյունաբերության այլ նշանները»,- նշեց նա:

Քաղաքապետի գնահատմամբ՝ ներկայում Քաջարանն իրավամբ կարելի է անվանել քաղաք-կոմբինատ, քանզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ քաղաքը զարգանում է սերտ համագործակցության միջոցով: «Հայաստանի գլխավոր հարկատուն իր սոցիալական ծրագրերով անմիջական մասնակցություն ունի քաղաքի խնդիրների լուծման ու բարգավաճման գործում»,- նշեց քաղաքապետը:

Քաջարան քաղաքի հիմնադրման 55-ամյակի առթիվ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադեւոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց Մխիթար Հերացու մեդալով: «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը պարգեւատրվեց Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվեցին «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքաքարի ջարդման-տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Միջոցառման ավարտին Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am