Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կերպարվեստի «թիֆլիսյան դպրոցի» ակունքներում կանգնած Ջոտտոյի արվեստը նախկինում և հիմա

Կերպարվեստի «թիֆլիսյան դպրոցի» ակունքներում կանգնած Ջոտտոյի արվեստը 
նախկինում և հիմա

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Հայաստանի նկարիչների միության անդամ Գևորգ Գրիգորյանը` Ջոտտոն Թիֆլիի բազմաթիվ հայ նկարիչների հետ կերպարվեստում դրեց «թիֆլիսյան դպրոցի» հիմքերը: Յուրօրինակ դիմանկարների ու նատյուրմորտների հեղինակ Ջոտտոյի ոգեշնչման աղբյուրներից մեկն էլ իր կինն էր` բանաստեղծուհի և նկարչուհի Դիանա Ուկլեբան, ում դիմանկարներն այսօր ցուցադրված են վարպետի արվեստանոց-թանգարանում:

Ջոտտոն ծնվել է 1897 թվականին Թիֆլիսում: 1916-1920 թթ. սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոցում: Նրա դասընկերներից էր հայտնի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը: 1921 թվականին Ջոտտոն սկսում է ուսանել Մոսկվայում: Այնուհետև մասնակցում է Երևանում և Թիֆլիսիում կազմակերպվող բազմաթիվ ցուցահանդեսների: Մի քանի անգամ հեռացվել է Նկարիչների միությունից իր ձախ հայացքների պատճառով: 1962-ին տեղափոխվում է Երևան, որտեղ 1965-ին բացվում է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը: Մահացել է 1976 թվականին՝ 78 տարեկան հասակում:

1977-ին Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ Երևանում բացվեց վարպետի արվեստանոց-թանգարանը, որը մի քանի տարի անց դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահի  մասնաճյուղերից մեկը: Թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութերը և անձնական իրերը: Մշակութային օջախում ցուցադրված են նաև «թիֆլիսյան դպրոցի» անվանի նկարիչների ստեղծագործություններ: Թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային ուրույն կենտրոն է, և այստեղ պարբերաբար կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ և մշակութային կապերին վերաբերող միջոցառումներ: 

Արվեստագետի թանգարանի ներկայիս վիճակն  ուսումնասիրելու նպատակով «Արմենպրես»-ն այցելեց Ջոտտոյի թանգարան-արվեստանոց: Թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը մեզ տեղեկացրեց, որ մշակութային օջախում այցելուների պակաս է զգացվում: «Այսօր մեզ համար խնդիր է դարձել այցելուին թանգարան բերելը: Լավ է, որ մենք շատ թանգարաններ ունենք, բայց ամեն մեկը պետք է ունենա իր առանձնահատկությունները, որպեսզի թանգարանի գոյությունն արդարացված լինի: Հասկացանք, որ ունենք Թումանյանի, Սարյանի թանգարաններ, իսկ մյուսնե՞րը… Ջոտտոն այնպիսի արվեստագետ է, որ, կարծում եմ, գոնե Հայաստանի հասարակության համար չափազանց կարևոր է այցելել այս թանգարան և տեղեկանալ, որ մենք այսպիսի մշակույթ ունենք»,- ափսոսանքով փաստեց թանգարանի տնօրենը: Թանգարան-արվեստանոցը մեկ այլ խնդիր էլ ունի` գտնվում է բնակելի շենքի 1-ին և 2-րդ հարկերում, որի բնակիչները, ցավոք, նույնիսկ չգիտեն, թե ում թանգարանն է տեղակայված իրենց շենքում:

«Ջոտտոյի կենդանության օրոք էլ էր նույն վիճակը: Մի անգամ ես գրեցի հետևյալ նախադասությունը. «Նա մենակ էր իրենց շենքի նյութապաշտ տարածքում»: Բայց այդ ժամանակ ես նույնիսկ տեղյակ չէի թանգարանի իրավիճակի մասին: Ցավոք, այսօր մարդիկ նույնիսկ չգիտեն` ով է Ջոտտոն: Դրա համար չափազանց կարևոր է քարոզել և պատմել, որ հայ ժողովուրդը նման արվեստագետ է ունեցել, և նա պետք է գնահատվի ըստ արժանվույն»,- նշեց Մարտին Միքայելյանը:

Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ՝ այցելուներ ներգրավելու և Ջոտտոյի արվեստին փոքր-ինչ հաղորդակից դարձնելու նպատակով: Ավելի քիչ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ: Մշակութային օջախում հավատում են, որ շուտով արվեստի և հատկապես Ջոտտոյի համար լավ ժամանակներ կգան:

Ջոտտոյի աշխատանքներն այսօր գտնվում են  թանգարան-արվեստանոցում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]