Անչափահաս իրավախախտների կրկնահանցագործությունները նվազեցնելու նպատակով մեկնարկեց պիլոտային մոդելի փորձարկումը
3 րոպեի ընթերցում
![Անչափահաս իրավախախտների կրկնահանցագործությունները նվազեցնելու նպատակով մեկնարկեց պիլոտային մոդելի փորձարկումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/06/722340.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արդարադատության ոլորտի բարեփոխումների պրոբացիոն ծրագիրը նպատակ ունի նվազեցնել հանցագործությունների ու կրկնահանցագործությունների թիվը, բարձրացնել անչափահասների վերաինտեգրման մակարդակը:Այս մասին հունիսի 12-ին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:Նա նշեց, որ ծրագիրը հնարավորություն կտացածր ծախսերով իրականացնել քրեապատժողական համակարգ, նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը: «Հայաստանում Պրոբացիան որպես երևույթ արդեն բավական երկար փորձ ունի, բայց որպես ծառայություն ու առանձին միավոր, որը կհամախմբի քրեապատժողական համակարգի բոլոր գործողությունները, չենք ունեցել: Պրոբացիայի տարբեր մասնիկներ առկա են քրեակատարողական համակարգում` սոցիալ-հոգեբանական աշխատանքի ձևով, տարբեր համայնքային ծառայության շրջանակներում, սոցիալական աշխատողների հետ կապված աշխատանքերում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Օրբելյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այժմ մշակվում են Պրոբացիոն գործողություններն իրականացնող մի շարք ակտեր և ծառայության մասին օրենքի նախագիծ, որոնք շուտով կավարտվեն, կդրվեն հանրային քննարկման և կներկայացվեն կառավարություն ու Ազգային ժողով: Ծրագիրը գործելու է 2014թ-ի հունվարից:
Քննարկման ժամանակ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ներկայացնում էր «ՀՀ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հզորացում, անչափահաս իրավախախտների հետ պրոբացիոն աշխատանքների պիլոտային մոդելի փորձարկում» ծրագրի մեկնարկը: ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած պիլոտային ծրագիրը միտված է նախկինում ազատազրկման ենթարկված անչափահասների վերաինտեգրմանը: «Ծրագրի նպատակը պրոբացիայի կազմակերպման պիլոտային մոդելի կիրառմամբ Հայաստանում իրականացվող քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներին ու պրոբացիայի պետական ծառայության ներդրմանն աջակցելն է: Մեր ներկայացրած ծրագրում ծառայությունը պետք է լինի ոչ ուժային կառույց: Պրոբացիայի ծառայությունն իր գործունեության ընթացքում պետք է սերտ համագործակցի նաև պետական մարմինների հետ, որոնք կարող են դասակարգվել երկու տեսակի` պրոբացիայի ծառայության շահառուներ և ծառայությանը հնարավոր ծառայություններ մատուցողներ»,- ասաց Արշակ Գասպարյանը: Նա ավելացրեց, որ ծրագրի կազմման գործում օգտվել են եվրոպական և արևմտյան փորձից:
Հանրապետությունում Արդարադատության նախարարության հովանու ներքո ստեղծվող Պրոբացիոն ծառայությունն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում` ստանալով 29 մլն եվրո: Պրոբացիոն ծառայության ստեղծումը ենթադրում է ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ մասնագիտական հմտությունների և ունակությունների վերաբերյալ դասընթացներ: