Մշակույթ

Ցեղասպանության հետեւանքով հայ որբերի լուսանկարների ամերիկյան բացառիկ հավաքածուն կներկայացվի Հայաստանում

5 րոպեի ընթերցում

Ցեղասպանության հետեւանքով հայ որբերի լուսանկարների ամերիկյան  բացառիկ հավաքածուն կներկայացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 26-ին «Նարեկացի» արվեստի միություննառաջին անգամկներկայացվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի բացառիկ հավաքածուն, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության եւ դրանից հետո ընկած ժամանակաշրջանում` 1915-29 թվականներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների համակարգող Վիկտորիա Անտաբյանը նշեց, որ միությունը, «Հետքերով որբերի հայոց» վերնագրով իրականացնում է մի յուրօրինակ նախագիծ` համագործակցելով Հայաստանի ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան հետ:

«Մեծ ցանկություն ունեինք մեր շնորհակալության եւ երախտիքի խոսքը հղել Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին կատարած աշխատանքի համար: Դա կարվի կայանալիք միջոցառման տեսքով, որն իր տեսակի մեջ բացառիկ է. ներկայացվելու են լուսանկարներ, որոնք մինչ այդ Հայաստանում չեն ցուցադրվել»,- ասաց Անտաբյանը:

Լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը միությունում ստեղծվել է մի լուսանկարի հայտնաբերումից, որտեղ պատկերված էր հայ որբ երեխաների մի խումբ:

Ցուցահանդեսը կբացվի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (մուտքը հրավերով), մայիսի 26-ին «Նարեկացի» միությունում, իսկ մայիսի 27-ին լուսանկարները կցուցադրվեն Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: Երեք ցուցահանդեսներն էլ այցելուների համար բաց կլինեն մինչ հունիսի 8-ը:Անտաբյանը նշեց, որ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը ներկայացված լուսանկարները ցուցահանդեսի ավարտից հետո կնվիրաբերվեն մանկատանը:Նախատեսվում է նախքան ցուցահանդեսը տպագրել Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող լուսանկարների գիրքը:

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսի բացումից հետո ելույթով հանդես կգա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

Ցուցահանդեսին զուգահեռ «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի նաեւ Զարեհ Ճգնավորյանի «Որ չկորչեն անհետ» ֆիլմը:

Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն Ալեքսանդրապոլում բացվել է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից: Այն հայ կարիքավորներին օգնելու համար դրամահավաք էր անցկացնում:կոմիտեի ջանքերով նորաստեղծ առաջին որբանոցը կոչվեց «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էր 5-13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվել է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով:

1919թ. Նպաստամատույց կոմիտեի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հավաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց հետո տեղավորում էին կամ հիվանդանոցներում, կամ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դեպքում, երբ նրանց թիվը շուրջ 25.000 էր: Սա մարդկության պատմության մեջ երբևիցե գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր և կոչվում էր «Որբաքաղաք»: Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր, Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեն, այնուամենայնիվ, ստանում է ազատ գործելու հնարավորություն, քանի որ այն զուտ մարդասիրական բնույթ կրող կազմակերպություն էր և որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:

Կոմիտեի ծավալած մարդասիրական օգնությամբ` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիվանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, իրական մահից փրկվեցին տասնյակ հազարավոր հայ երեխաներ: Կոմիտեի որբախնամ գործունեությունը կանոնակարգված բնույթ ստացավ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին եւ շարունակվեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգամ` մինչեւ 1929 թվականը:

Լուսանկարը`Մելվիլ Չեյթերի(Melville Chater)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում