Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մայիսի 9-ի տոնը «Հաղթանակ» զբոսայգում նշվեց շքերթով

Մայիսի 9-ի տոնը «Հաղթանակ» զբոսայգում նշվեց շքերթով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի տոնը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց զինվորական շքերթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների, ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ազատամարտիկներ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց, որ իր ընտանիքում ամենամեծ հիշողությունները կապված իր հոր հետ, ով եղել է պատերազմի մասնակից: «Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ: Հիշում եմ, երբ Գերագույն խորհրդում 90-ականներին քննարկվում էր այն հարցը, որ միգուցե մայիսի 9-ը պետք չէ տոնել, որովհետև դա խորհրդային միության տոն է, այլ ոչ թե անկախ Հայաստանի Հանրապետության, այն ժամանակ մեր տանը բավականին սուր խոսակցություն եղավ: Հայրս ասում էր, որ դա նաև հայ ժողովրդի հաղթանակն է և դա կլինի սխալ որոշում: Մենք նորից վերականգնեցինք մայիսի 9-ը որպես պետական տոն և ամեն անգամ մայիսի 9-ին ես հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը»,- պատմեց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաև հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին նաև հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի:

Անդրադառնալով վետերաններին ցուցաբերվող պետական աջակցության մասին հարցին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ իրենք փորձում են առանավելագույնն անել: Վարչապետի խոսքով՝ ինչ էլ արվի՝ վետերաններն արժանի են ավելիին: Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ Կառավարությունը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի վետերանները զգան և պետության, և հասարակության ուշադրությունը:

Ներկաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: Վետերանների համար կազմակերպվեց նաև զինվորական վրանային ճաշ, որին մասնակցեցին նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am