Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Օգոստոս
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

 

ԱՄՆ ՄԶԳ-ն հայաստանյան չրարտադրողներին շարունակում է աջակցել խորհրդատվությամբ եւ մատչելի վարկերով

20:44, 17 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) ապրիլի 18-ին չիր արտադրող հայաստանյան 70 ընկերությունների համար պրեզենտացիա են անցկացրել` «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման ընթացքում Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի չիր արտադրողներին ներկայացվել են պտուղ-բանջարեղենի չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսության և գյուղական զարգացման կենտրոնի (CARD), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Գյուղատնտեսական դաշինքի այլ ներկայացուցիչներ:

«Հայաստանում չրերի արտադրության ոլորտում վաճառքը և արտահանումն ավելացնելու մեծ ներուժ կա, եթե արտադրողները հետևեն բերքահավաքից հետո պտուղ-բանջարեղենի մշակման կանոններին և պահպանեն արտադրանքի որակի միջազգային չափանիշները: ՓՄՁ ԶԱԿ-ը և մեր տեղական ու միջազգային գործընկերները պատրաստ են օժանդակելու հայաստանյան չիր արտադրողներին, որպեսզի նպաստեն այդ ենթաոլորտի առաջխաղացմանը և առաջիկա տարիներին պատրաստ լինեն արտահանումների աճին»,- բացման իր խոսքում նշել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

Միջոցառումից առաջ՝ մարտի 12-ից մինչև ապրիլի 18-ը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ աշխատել են չրերի արտադրության ոլորտում առկա մի շարք խնդիրների ուղղությամբ: ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների հետ  «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջազգային խորհրդատու Ռուջերո Մալոսին, ով սննդի և ըմպելիքի արտադրության, մշակման, փաթեթավորման ոլորտում գրեթե 25 տարվա փորձ ունի, համագործակցում է տեղական  արտադրողների հետ` որակի միջազգային ստանդարտներ ներդնելու համար անհրաժեշտ չափանիշների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև վերապատրաստում չրերի արտադրության 17 մասնագետների՝ որպես դասընթացավարների: Փորձագետը նաև մշակել է տեխնոլոգիական մոդելներ, արտադրանքը շուկա հանելու պայմանների ու ստանդարտների գործնական առաջարկությունների փաթեթ, չրերի արտադրության ձեռնարկ և իր առաջարկները ներկայացրեց չրագործական գիտելիքների կենտրոն հիմնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցած արարողությանը վկայագրեր են շնորհվել «Դասընթացավարների վերապատրաստման» դասընթացի մասնակիցներին, ովքեր գալիք ամիսներին իրենց ձեռք բերած գիտելիքը կփոխանցեն ավելի մեծ թվով չիր արտադրողների: Որպես Հայաստանի չիր արտադրողներին աջակցության նախաձեռնության մաս՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրում են ավարտին հասցնել և տարածել մշակված ձեռնարկը, ինչպես նաև գործակցել չրագործական գիտելիքի կենտրոնի ստեղծման հարցում: Այս ամենից բացի՝ վերապատրաստմանը մասնակցած չրագործներն այժմ կկարողանան դիմել ՓՄՁ ԶԱԿ` մինչև 5 միլիոն դրամ գումարով և տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով ՓՄՁ վարկեր ստանալու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2002թ.: ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակն է երկրում պետական աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռներեցությանը: Աջակցությունը տրամադրվում է ՓՄՁ տարեկան ծրագրերի իրականացմանը պետական բյուջեից միջոցների հատկացմամբ:  




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ