Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Պարույր Հայրիկյանը չի հետաձգի ընտրությունները /լրացված/

Պարույր Հայրիկյանը չի հետաձգի ընտրությունները /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսին ներկա են նաեւ Պարույր Հայրիկյանի շտաբի պետ Մանյա Այվազյանը, գործարար, հասարակական-քաղաքական գործիչ Կարո Եղնուկյանը: «Մենք բացառում ենք նոր ընտրությունների հանգամանքը, մեզ համար պարզ էր, որ ոճրագործի նպատակը Պարույր Հայրիկյանին ոչնչացնելն էր և նոր ընտրությունները, և դա հաշվի առնելով` մենք ուզում ենք, որ իրենք իրենց նպատակին չհասնեն: Մեր գործն է իրենց նպատակներին խոչընդոտելը: Շահարկումներ են գնում այսօր, որ Հայրիկյանը ղսմաթ ունի, բայց դա ամենևին էլ այդպես չէ, դա իր ռեյտինգը չի բարձրացնում, այլ ցույց է տալիս, որ այդ մարդը խոցելի է»,-ասաց շտաբի միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

Լրագրողների հետ հիվանդանացում խոսել է նաեւ Պարույր Հայրիկյանը: «Ես չեմ ուզում, որ մենք գործենք որեւէ հանցավոր դրսեւորման թելադրանքով: Որեւէ քայլ որդեգրենք, ես հասկանում եմ, որ սա մահափորձ էր: Ովքեր ասում են, որ մահափորձ չէ, կցանկանամ, որ նրանք երբեք այսպիսի ոչ մահափորձի չառնչվեն: Դա, իհարկե, հետապնդում էր Հայրիկյանին վերացնելու նպատակ: Ես դեմ եմ ընտրությունները հետաձգելուն, բայց հաշվի եմ առնում, որ կա քրեական գործ եւ դրա արդյունքները նույնպես կարեւոր են: Բացի այդ, կան այլ թեկնածուներ, որոնք մասնակցում են ընտրություններին եւ նրանք ունեն այլ տեսակետներ: Մենք բացառում ենք նաեւ ընտրությունները 40 օրով հետաձգելը»,-ասաց Հայրիկյանը: Նախագահական ընտրությունների քվեարկությունն, ինչպես նախատեսված էր, կանցկացվի փետրվարի 18-ին: 

Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց: Թեկնածուն արդեն հիվանդասենյակում է: 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են աշխատանքային մի քանի վարկածներ: 
ՀՀ Սահմանադրության 52-րդ և ընտրական օրենսգրքի 98-րդ (երկրորդ կետ) հոդվածներով սահմանվում է, որ թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, քվեարկությունը երկշաբաթյա ժամկետով կհետաձգվի: Անհաղթահարելի խոչընդոտ կարող է ճանաչել միայն ՍԴ-ը՝ Սահմանադրության 100-րդ և 101-րդ հոդվածների համաձայն և բացառապես տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: Պարույր Հայրիկյանը, փաստորեն, որոշեց չօգտվել Սահմանադրությամբ իրեն ընձեռված հնարավորությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am