Տնտեսություն

Սերժ Սարգսյանը Քաջարանում վերահաստատեց բնապահպանությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու վճռականությունը

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Քաջարանում վերահաստատեց բնապահպանությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու վճռականությունը

ՔԱՋԱՐԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց առողջությունը և բնությունն անվերադարձ քայքայելու գնով հանքարդյունաբերությունը և արդյունաբերությունը զարգացնելու ժամանակներն անցել են: Այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու,Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպելով Քաջարանի բնակիչներին:

Նախագահի թեկնածուն նշեց, որ չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել՝ ցանկացած նոր արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելիս կամ հանքավայր շահագործելիս անիմաստ աղմուկ սստեղծելով: Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ չունի շատ զարգացած երկրների հնարավորությունները՝ հանքերի օգտագործումն ապագային թողնելու համար: «Մենք իրավունք չունենք գոտիներս ամբողջովին ձգել, ասել` ոչ, մենք ընդերքը հիմա ընդհանրապես չենք շահագործելու կամ շահագործելու ենք 70 կամ 100 տարի հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ երկրի ընդերքն անհրաժեշտ է շահագործել խելամտորեն և արդյունավետ:Ուշադրություն է դարձվելու բնապահպանական խնդիրներին: Սարգսյանը հավաստիացրեց, որ նկատի է առնվում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու և շահագործելու կարևորությունը:

Նախագահի թեկնածուն նշեց, որ ինքը ասում է ոչ վերացական, բարդ բաներ, այլ այն, ինչ բոլորի մտքին է: «Օրինակ լավ կրթություն մեր երեխաների համար կամ մատչելի առողջապահություն բոլորի համար»,- ասաց Սարգսյանը: Նա կարևորեց աշխատատեղերի հարցը՝ նշելով, որ դա կլուծի տնտեսական և սոցիալական բազմաթիվ հարցեր:

Նախագահի թեկնածուն քաջարանցիներին հիշեցրեց Գարեգին Նժդեհի 7 ասույթներից՝ ցավով նշելով, որ այսօր արդիական է հնչում մեծ գործչի 5-րդ պատգամը՝ ոչ մի ընչազուրկ քո հողի վրա: Նախագահի թեկնածուն նշեց, որ այդ հարցը Հայաստանում դեռևս լուծված չէ և պետության քայլերն ուղղված են աղքատության կրճատմանը: «Եկել եմ ձեզ ասելու, որ ձեր մտահոգությունները իմ մտահոգություններն են, ձեր խնդիրները, իմ խնդիրներն են»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ խնդիրների լուծումները կան և դրանք համատեղ ջանքերով են իրագործելի:

Սերժ Սարգսյանը սթափության կոչ արեց՝ սխալներից խուսափելու համար: «Կոչ եմ անում քվեարկել այնպես, ինչպես ձեր խիղճն է ձեզ հուշում»,- ասաց Սարգսյանը: Նախագահի թեկնածուն ասաց, որ ցանկանում է լինել ժողովրդի կողմից ընտրված ցանկալի նախագահ:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Հունվարի 23-ին նա կայցելի Վայոց ձորի մարզ:Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում