Երեւանում կկառուցվի Շախմատի միջազգային ակադեմիա
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կկառուցվի Շախմատի միջազգային ակադեմիա: Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նրա խոսքով` գարնանը նախատեսվում է իրականացնել միջազգային ակադեմիայի հիմնարկեքի արարողություն: Հարցի առնչությամբ Հայաստան ժամանած մի շարք գործարարներ քննարկումներ են անցկացնում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 100 մլն դոլար:
Կիրսան Իլյումժինովը շեշտեց, որ Հայաստանի շախմատային հաջողությունները ոչ թե պատահական բնույթ ունեն, այլ դարձել են օրինաչափություն: «Թիմը, որ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, հասնում է վիթխարի արդյունքների»,- ասաց ՖԻԴԵ-ի նախագահը:
Ծաղկաձորում շարունակում է անցկացվել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում