Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության տրամադրած ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:
Թիվ մեկ խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, կայանում է հետևյալում. 2013 թվականին մենք մեր ժողովրդին և պետությանը պետք է զերծ պահենք ցնցումներից և արտաքին ռիսկերից: Սա լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, ռիսկերը և վտանգները, որոնք այսօր առկա են աշխարհում և տարածաշրջանում: Դա ստիպում է մեզ ձեզ ներկայացնել հավասարակշռված և իրատեսական բյուջե և զերծ մնալ սոցիալական ավելորդ ռիսկերից ու ծուղակներից, որոնց մեջ հայտնվել են աշխարհի տասնյակ երկրներ՝ ստանձնելով այնպիսի սոցիալական պարտավորություններ, որոնք ի վիճակի չեն կատարել: 
Շատ մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից: 
Իհարկե, մեր հանրության մեջ կան արդարացի դժգոհություններ, մենք երբևէ հավակնություն չենք ունեցել ձեզ ներկայացնել բացարձակ ճշմարտություններ և մշտապես պատրաստ ենք այդ հիմքի վրա երկխոսության: 
Շնորհակալ ենք բոլոր պատգամավորներին, որոնք մեզ են ներկայացրել շուրջ 60 առաջարկություններ, թե ինչպես կարելի է բարելավել պետական բյուջեի նախագիծը, որոնց մեջ կային նաև այնպիսի առաջարկություններ, որոնք պետք է անպայման ընդունենք: Մենք պատրաստ ենք ձեզ հետ երկխոսությանը:
Բյուջեի նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ: 
Հենց այդ հենքի վրա էլ ես փորձում եմ բացահայտել ընդդիմության կողմից հնչող քննադատության մեջ այն ռացիոնալը, որը կարող է օգնել մեզ բարելավելու պետական բյուջեի նախագիծը, իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Համոզված եմ, որ քննադատների մեծամասնությունը ազնիվ մղումներից ելնելով է ներկայացնում առաջարկություններ՝ նպատակ ունենալով կառուցել ավելի բարեկեցիկ երկիր: Մենք շնորհակալ ենք նաև այդ քննադատության համար:
Ցանկանում եմ կանգ առնել այն խնդիրների վրա, որոնք կարող են ստեղծել երկխոսության հիմքեր: Առաջինը՝ տնտեսական աճն է: Մեր խնդիրն է՝ ինչպես իրականացնել տնտեսական աճը և ճյուղային արդյունաբերական քաղաքականությունը: Մենք մշտապես բաց ենք եղել երկխոսության համար և նաև ընդդիմությանն ենք հրավիրել մեր քննարկումներին: Ցանկանում եմ արձանագրել, որ ընդդիմությունը նույնպես բարձր է գնահատել ճյուղային արդյունաբերական քաղաքականության ծրագիրը, որը միտված է արտահանման ծավալների ավելացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ քննարկումներին մասնակցելու համար: 
Երկրորդ. հնչած այն դիտողությունը, որ մենք պետք է հանրությանը ներկայացնենք Կայուն զարգացման նոր համալիր ծրագիր, ընդունելի է, և մենք ձեզ հրավիրում ենք այդ փաստաթղթի քննարկմանը, որը մինչև 2025 թվականը կմատնանշի բոլոր ցուցանիշները: Այդ առումով, այն դիտությունները, որոնք ներկայացնում եք մեզ, կարող են օգտակար լինել: Այս ոլորտում արմատական փոփոխություն արդեն իսկ առկա է. մակրոտնտեսական կայունության ապահովման հայեցակարգից անցում ենք կատարել դեպի այն հայեցակարգը, որը ենթադրում է, որ կառավարությունը պարտավորություն պետք է ստանձնի նաև ճյուղային արդյունաբերական քաղաքականության համար: 
Գյուղ և գյուղատնտեսություն. վերջին երեք տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել և դրանք շարունակվելու են: Մշակել ենք համալիր ծրագիր: Այսուհետ գյուղը և գյուղատնտեսությունը դիտարկելու ենք միասնականության մեջ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները ենթադրում են արտադրողականության աճ և մենք կանգնած ենք լինելու լրջագույն խնդրի առջև՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով նաև գյուղական վայրերում: Այդ տեսակետից, մարզերի համաչափ զարգացման խնդիրը մեզ համար ունի էական նշանակություն: 
Հարգելի գործընկերներ, սոցիալական բնագավառում մշտապես հնչող քննադատությունն ուղղված էր նրան, որ անհրաժեշտ է ավելացնել սոցիալական նպաստները, թոշակները, ինդեքսավորել դրանք, և մեր քննադատները մշտապես մոռանում են այն արմատական փոփոխության մասին, որ ներկայացրել ենք ձեզ: Կարծում եմ, որ անընդհատ շրջանցում եք այդ հարցը, քանի որ համամիտ եք մեր քաղաքականության հետ: Մենք այսուհետ պայքարում ենք ոչ թե հետևանքների դեմ, այլ այն պատճառների, որոնք աղքատություն և սոցիալական խնդիրներ են ծնում: Այդ բնագավառում ներկայացված է արմատական փոփոխություն՝ անապահով ընտանիքներին թիրախային օժանադակություն, աշխատանքի ապահովում, կրթական և առողջապահական ծախսերը վերցնել պետության վրա: Սա նշանակում է, որ ֆինանսական միջոցների վերաբաշխումը տեղի է ունենում այս նոր մոդելին համահունչ: 
Հաջորդ խնդիրը՝ գերկենտրոնացվածությունն է, աղքատների ու հարուստների տարբերության խորացումը: Այս խնդիրն արտացոլված էր մեր նախընտրական և այն ծրագրում, որը ներկայացվեց Ազգային ժողովի հավանությանը: Կարծում եմ, որ լուծումների վերաբերյալ կարող ենք ձեզ հետ աշխատել, քանի որ մեր քննադատների կողմից հնչեցվող բազմաթիվ առաջարկություններ արժանի են քննարկման և տեսնում ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: 
Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառ. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այն առաջարկությունները, որոնք դուք հնչեցրել եք, մեզ համար ընդունելի են: Մենք կենտրոնանալու ենք 2-3 գերակա խնդիրների վրա և համաձայն ենք ձեր այն առաջարկության հետ, որ մոնիթորինգի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Ես ձեզ պաշտոնապես տեղյակ եմ պահում, որ ՀՅԴ-ի առաջարկությունը մեր կողմից ընդունվել է: Այդ մոնիթորինգի հանձնաժողովում 1/3-րդ մասը հատկացնելու ենք ընդդիմությանը, 1/3-րդը՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին, 1/3-ը՝ կառավարությանը: Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ: 
Հաջորդ խնդիրը՝ գիտության ֆինանսավորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը: 
Հարգելի գործընկերներ, մեր աշխատաոճը հետևյալն է. մենք քաջ գիտակցում ենք, որ ընդդիմությունը պետք է սուր քննադատության ենթարկի կառավարությանը և մենք պետք է զերծ մնանք այն գայթակղությունից, որպեսզի նույն եռանդով ու սրությամբ արձագանքենք այդ քննադատությանը: Մեր առջև այլ խնդիր ենք տեսնում, որպեսզի այդ քննադատության մեջ բացահայտենք այն եզրերը, որոնք մեզ համար կարող են ձևավորել համերաշխության և համագործակցության մթնոլորտ, որովհետև մենք առաջին հերթին պատասխանատու ենք դրա, իսկ ընդդիմությունը՝ քննադատելու համար: 
Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք մեծ ուշադրությամբ կուսումնասիրենք բոլոր այն դիտողություններն ու առաջարկությունները, որոնք դուք օրենքի համապատասխան պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացնեք կառավարությանը: Անպայման կփորձենք հաշվի առնել բոլոր այն դիտողությունները, որոնք համահունչ են մեր գաղափարախոսական սկզբունքներին: Շնորհակալություն ուշադրության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]