Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 8 համերգից բաղկացած համերգաշարով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ հայ հանդիսատեսին կներկայացնի Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը: Սեպտեմբերի 24-ին`ժ.19.00-ին, Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Այս մասին նշվում է «Արմենպրես»-ին հիմնադրամի տրամադրած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները, սեպտեմբերի 24-ին`ժ.11.00-ին, «Անի-Պլազա-Հոթելիե «Պրես-Մաստեր» մամուլի ակումբում տեղի կունենա Վերադարձի Դասական Երաժշտության վեցերորդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն փառատոնի համերգային ծրագրերը, իսկ փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակիցներին կներկայացնեն Փառատոնի հիմնադիրները` «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը, ինչպես նաև փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակիցներ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Մուրադյանը /Պորտուգալիա/, «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր մաեստրո Ավներ Բիրոնը:
Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 8 համերգից բաղկացած համերգաշարով և կավարտի աշխատանքը հոկտեմբերի 31-ին: