ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց իր պաշտոնակցի այցը Հայաստան, ինչը, նախարարի խոսքով, նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական համագործակցության համար: «Սա նոր խթան է երկկողմ կապերի ամրապնդման հարցում»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող, երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ռուսական 102-րդ բազայի հետ կապված իրավական հարցեր: Սեյրան Օհանյանն, անդրադառանալով Հայաստանում կայացած ՀԱՊԿ զորավարժություններին, ընդգծեց, որ դրանք անցել են բարձր մակարդակով, իսկ զինվորականնները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում զինվորականները ցույց տվեցին գործակցության բարձր մակարդակ: «Թեեւ դեռ վաղ է եզրակացություններ անելը, այնուամենայնիվ, զորավարժություններն ուշագրավ էին»,- ասաց նա` հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են:
Սերդյուկովն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: