Երիտասարդ արվեստագետները դեմ են կուսակցականացված հասարակությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա որոշակի ընդդիմադիր կեցվածք իշխանության հանդեպ, սակայն առանց քաղաքական նպատակների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսում ասաց թատերագետ Արա Խզմալյանը:
«Շատերը ձգտում են քաղաքացիական շարժումներում շահել քաղաքական միավորներ: Պետք է միշտ զգոն լինել, որպեսզի որեւէ մեկն իր քաղաքական շահերին չծառայեցնի հասարակությանը»,- պարզաբանեց Խզմալյանը:Նա դեմ է` համազգային կուսակցականացմանը, ինչը նրա կարծիքով` դիմազրկում է միջավայրը:
«Կուսակցությունից դուրս շատերը կարծիք չեն ունենում: Կուսակցությունը խնդիրներ լուծելու տեղ չէ»,- շեշտեց թատերագետը: Նրա խոսքով` հովանավորչական դաշտը ապաքաղաքականացնել է պետք: Խզմալյանը հայտնեց, որ իր ցանկությունն էր ստեղծել արվեստի հովանավորչությամբ զբաղվող հատուկ հիմնադրամ, որը հնարավորություն կունենա բարելավել ոլորտը:
Նա գտնում է, որ մտավորականը չի կարող լռել տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն քաղաքացիական ակտիվություն ասելով չի նշանակում մշտապես լինել էկրանների առջեւ:
Քաղաքականացված հասարակություն եւ մշակույթ ստեղծելու գործում իրենցմեղքի չափաբաժինն ունեն նաեւ ԶԼՄ-ները:
«Հասարակությունը ցանկացած անարդար վիճակին միշտ արձագանքում է»,- ասաց երգիչ Արթուր Հակոբյանը` Միստր Իքսը: Ոլորտի խնդիրներից նա առանձնացրեց պրոդյուսերական դպրոցի բացակայությունը: