Նոր գիրք-ալբոմում` Անի մայրաքաղաքը նորովի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը: Դրանում զետեղված են թվանշային վերակազմություններ եւ առաջին անգամ ներկայացված են բազմաթիվ շենքերի չափագրություններ, որոնք քառորդ դար ուսումնասիրություններից հետո չէին հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական ճարտարապետության ուսումնասիրության» հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով` գիրքը նախատեսված է թե մասնագետների, եւ թե նրանց համար, ովքեր ուղղակի պատկերներով են հետաքրքրված:
««Անի» պատկերազարդ գիրք-ալբոմը կազմված է տարբեր բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է համանման հատակագծով: Գիրքը հարուստ է ճարտարապետական կոթողներրի, շինությունների պատկերներով»,-ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ Անի քաղաքում ճարտարապետներն ուսումնասիրություններն իրականացրել են ընդամենը մեկ շաբաթում: Գրքում զետեղված են շուրջ 600 լուսանկարներ:
Սամվել Կարապետյանը հույս հայտնեց, որ գիրք-ալբոմը շուտով կհայտնվի նաեւ գրախանութներում: