Քաղաքականություն

ՀՀ Նախագահն անհեթեթ է համարում Ադրբեջանի`ԼՂ խնդիրը կրոնական լույսի ներքո ներկայացնելու փորձերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն անհեթեթ է համարում Ադրբեջանի`ԼՂ խնդիրը  կրոնական լույսի ներքո ներկայացնելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լիբանանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միշել Սուլեյմանը բանակցությունների ընթացքում անդրադարձ են կատարել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո:

«Կարծում եմ հայ ժողովրդի պատմությանը եւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը նման մոտեցումը խիստ վտանգավոր է համարում, «քանի որ կան նաեւ այդ մանրամասներին անծանոթ շրջաններ եւ նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետեւանք չանցնել»: Այս հարցում ՀՀ Նախագահը կարեւորեց բարեկամ պետությունների անաչառ եւ անկողմնակալ կեցվածքը, «քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության եւ կայունության խախտմանը»:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն էլ իր հերթին նշեց, որ իր երկիր կարեւորում է Հայաստանում կայունությունը, խաղաղությունը եւ զարգացումը: Նա ընդգծեց, որ Լիբանանը կցանկանար տեսնել Հայաստանի բոլոր այն խնդիրների կարգավորումը, որոնք խոչընդոտում են որոշ հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. «Որպեսզի այս տարածաշրջանը դառնա քաղաքակրթություններին միացնող կամուրջ, ինչպես դա ցանկանում է Նախագահ Սարգսյանը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում