Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բացվեց «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրը

Բացվեց «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հանդիսավորությամբ բացվեց «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային համալիրը: Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ:

Օդանավակայանի ենթակառուցվածքների զարգացման, շինությունների արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն' 2002 թվականի «Զվարթնոց»-ի կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից:

Օդանավակայանի հանրային գոտում նոր տերմինալի ժամանման եւ մեկնման նոր հասարակական սրահների եւ ավտոկանգառի շենքի կառուցումը տեղի է ունեցել 2008-2011 թվականների ընթացքում: Համալիրի շենքի ընդհանուր տարածքը կազմում է 34 հազար, իսկ նոր ավտոկանգառի տարածքը 20 հազար քմ: Այն նախատեսված է 600 մեքենաների համար: Ընդհանուր ներդրումները կազմել են 160 մլն դոլար:

Համալիրը հնարավորություն ունի տարեկան սպասարկել 3.5 մլն ուղեւոր, նախկինի 1.6 մլն-ի փոխարեն: Ապահովված է միջազգային անվտանգության պայմաններին համապատասխանող ռենտգենային ճառագայթներով ստուգման համակարգով եւ ավտոմատ լուսապատճենող սարքերով: Համալիրն ապահովված է նաեւ կենտրոնական ջեռուցման օդափոխության եւ օդորակման ժամանակակից ու բարձրակարգ համակարգերով: Գործելու են 46 հաշվառման սեղաններ' ապահովված CUTE ժամանակակից հաշվառման տեխնոլոգիայով:

Հիմնական նպատակը 2 մակարդակներով գործող նոր համալիրի ստեղծումն է, որը թույլ է տալիս ամբոջովին առանձնացնել մեկնող եւ ժամանող ուղեւորահոսքերը: Նշված շինարարարկան աշխատանքներում ներգրավված են եղել 50 տարբեր ընկերությունների ավելի քան 1500 աշխատողներ: Օդանավակայանի ենթակառուցվածքի եւ շինությունների վազքուղու վերանորոգման եւ բեռնային համալիրին հարակից սառնարանային համալիրի կառուցման ու այլ աշխատանքների համար կատարած ընդհանուր ներդրումները կազմում են 320 մլն ԱՄՆ դոլար:

Ա. Գեւորգյանի խոսքով' այսօր բացվում է Հայաստանի նոր օդային դարպասը, որը բազմաթիվ տարիների հետեւողական եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Ծրագրի հիմնական նպատակն է' կրկնապատկել օդանավակայանի կարողությունները: 1961 թվականից գործող «Զվարթնոց» օդանավակայանը համապատասխանեցվում է միջազգային Բ կլասի Հարավային Կովկասի համար ամենաբարձր կարգին»,- ասաց նա' ավելացնելով, որ համալիրում ստեղծվել են ուղեւորների համար բոլոր հարմարավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող պայմանները: Ըստ փոխվարչապետի' համալիրի ժամանման եւ մեկնման սրահները տեխնիկական հագեցվածությամբ հավակնում են տարածաշրջանում լինել լավագույնը:

«Նոր օդանավակայանը, ամբողջությամբ կահավորված լինելով ժամանակակից սարքավորումներով, մեկ ժամում կկարողանա կրկնապատկել իր ուղեւորների քանակը: Ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանը տարածաշրջանում տարանցիկ ուղեւորափոխադրումների խոշոր կենտրոն դարձնելու համար: Նոր համալիրը եւ նրա շուրջ ձեւավորվող տնտեսական միջավայրը էական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսական առաջընթացի համար»,- նշեց Ա. Գեւորգյանը:

Նա ասաց, որ այսօրվա իրադարձությունը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին եւ շեշտեց, որ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներն ուղղված են երիտասարդ պետության զարգացմանը:

Արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուրադո Էռնեկյանի խոսքով' Խորհրդային Միությունից Հայաստանը ժառանգություն էր ստացել մի օդանավակայան, որը 1988 թ. երկրաշարժից հետո սկսել է ավելի շատ ուղեւորափոխադրումներ իրականացնել: «Հետագայում ղարաբաղյան պատերազմը բերեց ֆինանսական դժվարություններ, ինչն էլ թույլ չտվեց ներդրումներ կատարել օդանավակայանում»,- ասաց գործարարը:

Է. Էռնեկյանը նշեց, որ Հայաստանի նման երկրի համար լավ կահավորված օդանավակայանը անհրաժեշտություն է գոյատեւման համար:

«1991թ. ես նույնիսկ չէի կարող պատկերացնել իմ ներգրավվածությունն այս ծրագրում, որը եզակի ազգային նշանակություն ունի»,- ասաց նա:

Գործարարը ՀՀ նախագահին հանձնեց համալիրի խորհրդանշական բանալին, իսկ համալիրում օրհնության կարգ կատարեց Ամենայն հայոց կաթողիկոսը, այնուհետեւ Ս. Սարգսյանը եւ Է. Էռնեկյանը բացեցին համալիրի խորհրդանշական հուշաքարը, ինչին հետեւեց կարմիր ժապավենի կտրումը:

Նշենք, որ համալիրը, որը կառուցվել է Կանադայի Վանկուվեր քաղաքի միջազգային օդանակավայանի նմանությամբ, ամբողջապես շահագործման կհանձնվի հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am