Քաղաքականություն

Գառնիկ Ասատրյան. «Հայ-իրանական հարաբերությունների ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվել»

4 րոպեի ընթերցում

Գառնիկ Ասատրյան. «Հայ-իրանական հարաբերությունների ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվել»

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում 31 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը չնայած «իսլամական» է կոչվում, սակայն, ըստ էության, այն ազգային շարժման արդյունք էր, եւ այս հեղափոխությունից հետո ազգային գերակայությունները առաջին տեղը գրավեցին երկրի կյանքում: Իչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը` իրանական ազգային արժեքներն առաջ մղվեցին` հետ մղելով արեւմտյան արժեքները, որոնք այն ժամանակ հախուռն թափանցել էին Իրան` վերածելով այն արեւմտյան կցորդի: Ըստ բանախոսի` 31 տարում այս հեղափոխությունը հանգեցրել է իրանական տնտեսության` գրեթե ամբողջությամբ ինքնաբավ լինելուն: «Եթե հեղափոխությունից առաջ այդ երկրի բնակչության մեծ մասն անգրագետ էր, ապա այսօր Իրանը համատարած գրագիտության երկիր է: Այն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է, ապահովված է ճանապարհներով, նույնիսկ հեռավոր գյուղերն ունեն բոլոր տեսակի սոցիալական, տնտեսական եւ տեխնիկական ժամանակակից հնարավորությունները»,- ասաց Գառնիկ Ասատրյանը: Նրա վստահեցմամբ` բարձր զարգացած արդյունաբերությունը` մեքենաշինությունը, նույնպես չկար մինչեւ հեղափոխությունը: Բացի այս ամենը` Իրանում այսօր կա մոտ 1000 համալսարան, այն նաեւ բարձրագույն կրթության երկիր է: Իրանի բնակչության մեծ տոկոսը կազմում են երիտասարդները, այսինքն` այն երիտասարդ երկիր է` շատ եվրոպական երկրների համեմատ: Հեղափոխությունից 11 տարի անց հաստատվել են հարաբերություններ Իրանի եւ Հայաստանի միջեւ. իսկ ի՞նչ տվեցին 20-ամյա այս հարաբերությունները Հայաստանին հարցին պատասխանելով Գառնիկ Ասատրյանը նշեց, որ բավական բարձր մակարդակի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մեջ ամենամեծ ձեռքբերումը նախորդ տարի նախագահի այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն էր երկաթգծի կառուցման շուրջ: «Երկաթգծի եւ ճանապարհի կառուցումը մեզ ուղղակիորեն կկապի Պարսից ծոցի հետ, եւ դա ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց նա: Գ. Ասատրյանն ափսոսանք հայտնեց, որ Իրանի հետ փոխհարաբերություններում քիչ ուշադրություն է դարձվում մշակութային եւ գիտական-ուսումնական կապերին: «Գրեթե չունենք համատեղ գործող ծրագրեր մշակույթի բնագավառում, գիտական ինստիտուցիոն կապերը նույնպես բացակայում են: Հայ-իրանական կապերը մեծ պոտենցիալ ունեն, սակայն այդ պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում»,-նշեց նա: Իրանագետը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլին Իրանն ակտիվորեն մասնակցում էր, սակայն հետագայում դուրս մնաց այդ ֆորմատից. «Կարծում եմ, որ Իրանն անպատճառ իր մասնակցությունն ինչ-որ ֆորմատով պետք է ունենա, այն տարածաշրջանում խիստ կարեւոր ուժ է»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ Իրանի մոտեցումը դրական է. «Իրանը նունպես շահագրգռված է, որ այդ հարաբերությունները ձեւավորվեն: Արդեն մոտ 10 տարի է Ջուլֆայի տարածքում ստեղծվում է «ազատ տնտեսական գոտի», եւ այստեղ մասնակցելու հրավեր ունի նաեւ Թուրքիան` տեխնիկական ապահովման բնագավառում: Ծրագիր կա, ըստ որի Հայաստանը եւ Ադրբեջանը նույնպես կհրավիրվեն մասնակցելու այդ «ազատ գոտու» ստեղծմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում