Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ

Գանձակի  և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ և Գանձակ գյուղերի միջնակարգ դպրոցների տարածքներում իրականացված ծառատունկերի միջոցով ստեղծվել են  կանաչ գոտիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց   «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ նախագահ Լիանա Մարգարյանը, կանաչ գոտիների ստեղծման ծրագիրն իրականացրել է  «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, որպես գյուղական համայնքներում բնահեն լուծումների ներդրման փորձ։

Միջոցառմանը մասնակցել են  Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Միխաելա Յերժաբկովան,  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Դպրոցներում ծառատունկը մեկնարկել է ավանդական աղ ու հացով հյուրերի դիմավորմամբ ու ողջույնի խոսքերով, որին հաջորդել է պարային ներկայացում ու էկոտաղավարում աշակերտների բնապահպանական աշխատանքների ցուցադրությունը։  Կանաչ գոտիների ստեղծման նպատակով  Գանձակի թիվ 1 և Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցներում առաջին փուլով տնկվել են 100-ական ծառեր։

«Ընտրվել են տարածքի կլիմայական պայմաններին հարմարվող թխկի, կեչի ծառատեսակները և դեղին ակացիա թփատեսակը։ Այս կանաչ գոտիները կծառայեն որպես ցրված աղբյուրներից արտանետվող կեղտաջրերից ազոտի և ֆոսֆորի կլանման բուֆերներ՝ կանխելով հողերի և ջրային ռեսուրսների աղտոտումը։ Կանաչ գոտիները  բնահեն լուծումներից են, որոնք կանխում են գետերի՝ կենցաղային կեղտաջրերով աղտոտումից, օգնում են բարելավել գետերի ջրի որակը, նվազեցնում են ջրհեղեղների, երաշտների հավանականությունը։ Կանաչ գոտիների ստեղծումը մատչելի այլընտրանքային լուծում կարող է հանդիսանալ այն գյուղական համայնքներում, որտեղ չկան կեղտաջրերի մաքրման կայաններ, իսկ ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ցրված աղբյուրներից։  Տնկվող ծառերը եղել են անվանական՝ դպրոցի աշակերտների և ուսուցիչների անուններով՝ նպատակ ունենալով դրանք հանձնել իրենց խնամքին ու հոգատարությանը։ Առանձնացվել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքների և գործընկեր կառույցների 6 անվանական ծառեր»,-ներկայացրեց Լիանա Մարգարյանը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am