Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ըստ Փաշինյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ

Ըստ Փաշինյանի` Հայաստանի ու  Ադրբեջանի միջև սահմանազատման 
գործընթացը դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` իրականացնել սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, բազմաթիվ այլ երկրներ, և ինչ-որ առումով սա նաև ստացել է քաղաքական կոնտեքստ, դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, և Հայաստանը շարունակելու է այս ճանապարհով գնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ադրբեջանական կողմի քաղաքական խոսույթում, վերլուծական դաշտում հիմնականում չի շեշտադրվում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունելու հանգամանք։ Արդյոք սա շեղում չէ նախնական պայմանավորվածություններից և թույլ չի տալիս կանխատեսել, որ 4 գյուղի հարցը լուծելուց հետո Ադրբեջանը պարզապես կարող է հրաժարվել այդ նույն սկզբունքով գործընթացը շարունակելու պարտավորությունից», - Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան` վարչապետը նշել է.

«4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին դա անելու, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում, էլի ուզում եմ հիշեցնել՝ 4 գյուղ ասելով նկատի պետք ունենալ, որ խոսքը գնում է այնպիսի գյուղերի մասին, որոնք երբեք չեն եղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կազմում։ 

Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, և Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Եվ ահա Ձեր հարցի պատասխանը՝ այս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և այդ պայմանավորվածություններից, քան այս 4 գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի չիրականացումը», - ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են քառակողմ հարթակում, և դա միջազգայնորեն հայտարարվել է, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ահա այս Հայաստանի Հանրապետությունը։ 

«Սա Խորհրդային միության, Արծվաշենն այստեղ է, Խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի Հանրապետության, ամեն դեպքում Արծվաշենն էլ ցույց տանք, Հայաստանի Հանրապետության իրավականորեն հիմնավորված, լեգիտիմ սահմանագիծն է։ Այսինքն` երբ ասում ենք Ալմաթիի հռչակագիր, նկատի ունենք սա։ 

Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիմք 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Հաջորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից, որպես փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը։ Ընդ որում, Պրահայի հանդիպմանը և Բրյուսելի հանդիպմանն արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է։ 

Հաջորդը՝ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահն արտահայտել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին։ Եվ ամենակարևորը՝ 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանազատման հանձնաժողովներն ընդունել են համատեղ փաստաթուղթ, որտեղ արձանագրել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար, և այն որպես բազային սկզբունք կարձանագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի մեջ։ 

Այսինքն` մամուլը մամուլ, և մենք իհարկե պետք է շատ ուշադիր լինենք, բայց մենք ելնում ենք այն փաստաթղթերից, որ ընդունել ենք Ադրբեջանի հետ։ Ընդ որում, ես Ձեզ ուզում եմ հետևյալն ասել, ըստ էության, աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` իրականացնել սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, բազմաթիվ այլ երկրներ, և ինչ-որ առումով սա նաև ստացել է քաղաքական կոնտեքստ, դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով գնալ», - հավելել է Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am