Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կյանքից հեռացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

Կյանքից հեռացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր 
Փիթեր Հիգսը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկանում վախճանվել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Էդինբուրգի համալսարանում, որտեղ աշխատել է պրոֆեսորը:

«Հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Փիթեր Հիգսը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում։ Նա խաղաղությամբ կյանքից հեռացել է ապրիլի 8-ին, իր տանը` կարճատև հիվանդությունից հետո», - ասվում է համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիգսը նախագուշակել էր տարրական մասնիկներից մեկի՝ բոզոնի գոյությունը դրա հայտնագործությունից 48 տարի առաջ, որն ի վերջո անվանել են ի պատիվ նրա։

Հիգսն ամբողջ աշխարհում հայտնի էր որպես տեսաբան ֆիզիկոս։ 1964 թ. նա առաջադրել է տարրական մասնիկի՝ Հիգսի բոզոնի գոյության կանխադրույթը․ այն պատասխանատու է այլ տարրական մասնիկներում զանգվածների առկայության կամ բացակայության համար։

2013 թ. Հիգսը և նրա բելգիացի գործընկեր Ֆրանսուա Էնգլերը ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ ստացան «մեխանիզմի տեսական նախագուշակման համար, որն օգնում է հասկանալու ենթաատոմային մասնիկների զանգվածի ծագումը, ինչի գոյությունն ապացուցվել է նախագուշակված տարրական մասնիկների հայտնաբերմամբ` CERN-ի (միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն) մեծ հադրոնային կոլայդերում»։

Հիգսը մրցանակներով և մեդալներով է պարգևատրվել տեսական ֆիզիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Մասնավորապես, նա Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի կողմից շնորհված Դիրակի մեդալի, ինչպես նաև Եվրոպայի ֆիզիկայի ընկերության մասնիկների ու բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր է։

Նա նաև Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ էր և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am