Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պարույր Սևակը նոր էջ բացեց հայ գրականության, հայ պոեզիայի մեջ. նշվում է մեծ բանաստեղծի 100-ամյակը

Պարույր Սևակը նոր էջ բացեց հայ գրականության, հայ պոեզիայի մեջ. նշվում է մեծ 
բանաստեղծի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պարույր Սևակ. բանաստեղծ, որը մեծ ժողովրդականություն է վայելել կենդանության օրոք, սիրված և գնահատված է նաև մեր օրերում, իր ստեղծագործություններով բուժել է, ոգևորել և հիացրել: Սևակի 100-ամյակին բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում, նախաձեռնություններ, որոնք միտված են հեղինակի թողած հարուստ գրական ժառանգության հանրահռչակմանն ու տարածմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանն ընդգծում է՝ Սևակի հոբելյանը տոնելու են ոչ միայն Զանգակատանը, Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում, սփյուռքում, իսկ բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, տուն-թանգարանում ելույթ կունենան «Կադանս» անսամբլը, Գոռ Սուջյանը, որը Սևակի տեքստերի հիման վրա գրված երգեր կկատարի, նախատեսվում է նաև թատերական փոքրիկ ներկայացում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ, իսկ երեկոյան Երևանում՝ Համազգային թատրոնում, բեմ կբարձրանա «Մարդը ափի մեջ» ներկայացումը, որն ընդգրկվելու է թատրոնի խաղացանկում: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է:

Sevak Ghazaryan.jpg (201 KB)

Հոբելյանի առթիվ արդեն ընթերցողներին է ներկայացվել «100 բանաստեղծություն» գիրքը, որի խմբագիրը Սևակ Ղազարյանն է: Այն լույս է տեսել տուն-թանգարանի, Սևակի ընտանիքի՝ մասնավորապես նրա միջնեկ որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի և Հայ կրթական մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:

420398150_867324688736903_6385948430778486157_n.jpg (267 KB)

«Ընտրվել է Սևակի հարյուր բանաստեղծություն՝ գրված տարբեր տարիներին, սակայն ըստ մեզ՝ լավագույնները: Իհարկե, այս տրամաբանությամբ կարող էինք հարյուրից ավելի ստեղծագործություն առանձնացնել, բայց 100-ամյակ է, և ընտրված գործերի թիվը խորհրդանշական է: Ընթերցողների համար նվեր  են նախաբանն ու վերջաբանը: Նախաբանը Սևակի «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն է, որը քիչ է հրապարակվել, իսկ վերջաբանը Սևակի կյանքի վերջին հարցազրույցներից մեկն է, որ կոչվում է «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը»:  Այս ամենն ընթերցողին կօգնի ոչ միայն ավելի լավ ճանաչել Սևակ գրողին, այլև մարդուն»,-պատմում է Ղազարյանը:

Նա վստահեցնում է՝ Պարույր Սևակն ամենաընթերցվող դասականներից է, եթե ոչ ամենաընթերցվողը: Այդ են վկայում Սևակի գրքերի վաճառքները, սոցիալական ցանցերը: «Հիմնականում երկու կամ երեք տասնյակ գործեր են հաճախ պտտվում, իսկ գրքում հարյուր բանաստեղծություն է, մեկը մյուսին չզիջող բանաստեղծություններ»,-ասում է նա և հավելում՝ պատրաստվում են վերահրատարակել «Մարդը ափի մեջ» ժողովածուն՝ վերականգնելով ժամանակին մկրատված գործերը, անգամ այնպիսի գործեր, որոնք երբևէ չեն հրապարակվել:

Սևակ մարդուն, Սևակ բանաստեղծին բազմաթիվ մեծեր են անդրադարձել, խոսել են նրա հանճարի, ինքնատիպության մասին, իսկ Համո Սահյանն ասել է. «Նա իր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր, բայց ավագագույնն էր վաստակի և հանճարի առումով»:

Ղազարյանը համաձայն է Սահյանի խոսքերի հետ: «Սևակն իսկապես առաջատար բանաստեղծներից էր: Նա նոր էջ բացեց հայ գրականության, հայ պոեզիայի մեջ, իր անընդհատ փոփոխվող ոճը թելադրեց: Եթե հետևենք Սևակի գրականության զարգացմանը,  կտեսնեք, որ նա միշտ տարբեր է: «Սիրո ճանապարհը» գրքում նա մի Սևակ է, «Մարդը ափի մեջ» ժողովածուում՝ ուրիշ, «Անլռելի զանգակատուն» պոեմում՝ ուրիշ և վերջապես «Եղիցի լույս» գրքում  բոլորովին այլ ու նոր Սևակ էր:  Նա դրական առումով դա ժառանգել էր Եղիշե Չարենցից ու շարունակեց այդ գիծն ու նոր խոսք, ասելիք ու նոր ձև բերեց հայ պոեզիա»,-շեշտում է Սևակ Ղազարյանը:

Նա հիշեցնում է՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հրատարակումից հետո Սևակը շատ մեծ հռչակ է վայելել, սակայն որքան էլ գնահատված և սիրված է եղել,  կանգնել է «Եղիցի լույսը» գիրքը հանրության մեջ տարածելու խնդրի առաջ: «Այն տպագրված էր, բայց «բանտարկված» էր, արգելված էր, սակայն դա ևս վկայում է նրա հանրաճանաչության մասին: Ավտովթարից հետո Սևակի փառքը, հռչակը տասնապատկվեցին, և նա սիրված է մինչ օրս»,-նշում է տուն-թանգարանի տնօրենը:

293327842_453568826774122_6221934981637647445_n.jpg (604 KB)

Սևակ Ղազարյանը 2018 թվականին է ստանձնել տուն-թանգարանի տնօրինությունը: Այդ ժամանակ կառույցը չի ունեցել ջեռուցում, ինչի պատճառով բաց է եղել տարվա մեջ յոթ ամիս: Այժմ այն ունի ջեռուցման համակարգ և աշխատում է ամբողջ տարվա ընթացքում: «Չկային այցելուների համար սանհանգույց, հուշանվերների արտադրանք և այլն: Այսօր այդ հարցերը լուծված են: Մենք շատ ենք կարևորում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թանգարանային միջավայրում, որովհետև երիտասարդներին թանգարանային անշարժ առարկաներն այնքան էլ չեն հետաքրքրում: Այդ ուղղությամբ աշխատել ու աշխատում ենք: Թանգարանում մեծ հպազգայուն էկրան կա, որը սևակյան տարբեր տեսաձայնային նյութերով է հարուստ, թանգարանի մի պատը Սարգիս Մուրադյանի որմնանկարն է, որի կենտրոնական հատվածը կենդանացրինք. հեռախոսը կամ պլանշետը պահում ես այդ հատվածի վրա,  և պատկերը կենդանանում, Սևակի ձայնով ասմունքում է «Ապրել»  բանաստեղծությունը»,-պատմում է Սևակ Ղազարյանը:

65095063_611097429293889_3290609753838845952_n.jpg (94 KB)

Նրա ջանքերով բացվել է նաև Սևակի հայրական տունը, որը թանգարանից բավականին հեռու է, բայց այնտեղ ևս այցելուներ են լինում, էքսկուրսիաներ են կազմակերպվում:

Ղազարյանի խոսքով՝ 2020 թվականի համավարակից, պատերազմից հետո չկա այն տեմպը, որ կցանկանային լիներ, բայց իրենք վստահ են՝ եթե երկրում և տարածաշրջանում իրավիճակը խաղաղ լինի, բարեփոխումներն ավելի արագ ընթացք կունենան:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am