Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Օդրի Ազուլեն կարևորել են Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելը 

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Օդրի Ազուլեն կարևորել են Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելը 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում նոյեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը կարևորել է տեղահանված շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքի իրացումը՝ նշելով, որ նրանց մեծ մասի համար արդեն իսկ ապահովվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։

Ըստ աղբյուրի՝ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին։ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել դրանց ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։

Նշվումմ է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև փոխգործակցության օրակարգային նաև այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում