Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը

Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, 
բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ տավարի ընդհանուր գլխաքանակից շուրջ 10․8 տոկոսը կազմում են մաքրացեղ տոհմային կենդանիները, իսկ բուսաբուծության ճյուղում ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շնորհիվ ցանքատարածությունները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ ընդլայնվել են ավելի քան 14 հազար հեկտարով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ձեռքբերումներին, պետական աջակցությամբ  իրականացվող և նախատեսվող ծրագրերին․

-Անցած տարվանից սկսած ի՞նչ նոր ծրագրեր են ներդրվել գյուղատնտեսության ոլորտում և համապատասխան ի՞նչ պետական աջակցություն է ցուցաբերվել, ի՞նչ ակնկալիքով և ի՞նչ արդյունք  է դա ապահովել։

- «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի արդյունքում մեկ կովի տարեկան միջին կաթնատվությունը ավելացել է շուրջ 60 կիլոգրամով, իսկ սպանդի ենթարկվող խոշոր եղջերավոր կենդանիների միջին կենդանի զանգվածը՝ շուրջ 7 կգ-ով։ Ծրագրի շրջանակներում 2019-2023 թվականների ընթացքում հանրապետություն են ներկրվել 2093 գլուխ «հոլշտին», «սիմենթալ», «շվից», «ջերսեյ» և «անգուս» ցեղերի տոհմային կենդանիներ, որոնցից ստացվել է շուրջ 8100 գլուխ բարձրարժեք սերունդ։ Հանրապետությունում արդեն իսկ առկա ավելի քան 9500 գլուխ տոհմային կենդանիներից այդ տարիների ընթացքում ստացվել է ևս շուրջ 45000 սերունդ կամ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության տավարի ընդհանուր գլխաքանակից շուրջ 53 հազարը կամ 10․8 տոկոսը կազմում են մաքրացեղ տոհմային կենդանիներ։

«Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի» սուբսիդավորման տարբերակի շրջանակներում ներկայացվել է 1874 հեկտար մակերեսով այգեհիմնման հայտ։ Բացի այդ, 2024 թվականին ծրագրում կատարված փոփոխության արդյունքում ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի բաղադրիչի շրջանակներում հնարավոր է իրականացնել նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակություն։

Հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով պարենային անվտանգության ապահովման նպատակով 2024 թվականին ընդունվեց Բուսաբուծության աջակցության ծրագիրը, որի արդյունքները կամփոփվեն մինչև տարեվերջ։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ մշակվող վարելահողերի տարածությունները կավելանան շուրջ 14 հազար 300 հա-ով, որից հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները 10 հազար հա-ով, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ 1500 հա-ով, իսկ բազմամյա խոտաբույսերինը՝ 2800 հա-ով։

-Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում 2023-ին ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ, ցուցանիշներ են արձանագրվել նախորդ տարվա համեմատ։

-2022 թվականին աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շնորհիվ աշնանացան ցորենի ցանքատարածությունները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ ընդլայնվեցին շուրջ 14 հազ․ 294 հեկտարով, իսկ համախառն բերքը՝ 39 հազ․ 870 տոննայով։

-Ինչպիսի՞ն են եղանակային պայմաններն այս տարվա բերքատվության համար։

-Ձմռան ժամանակահատվածում դիտված կլիմայական պայմանները նպաստավոր են եղել աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ձմեռման համար, ինչպես նաև պտղատու, խաղողի այգիները ձմռան ժամանակահատվածում չեն տուժել։ Գարնանային առատ տեղումները հնարավորություն տվեցին հողում բավարար խոնավության կուտակման համար, ինչպես նաև ջրամբարներում ջրի պաշարների կուտակման որոշակի քանակի ավելացում կա, միաժամանակ գարնանային առատ տեղումների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները մի փոքր ձգձգվեցին։ 2024 թվականին վաղ գարնանային ուժեղ ցրտահարություններ չարձանագրվեցին, արձանագրված ցրտահարությունները մեծ արժեք չունեին և էական ազդեցություն չունեցան ծիրանենու համար, վնասները կրում էին տեղային բնույթ։ Այնուամենայնիվ, ներկայումս ակնկալվում է միջինում բավարար քանակի ծիրանի բերք, իսկ մնացած պտղատեսակների համար նպաստավոր պայմաններ են, և բարձր բերքի ստացման համար նախադրյալները առկա են, խաղողի այգիներից ևս ակնկալվում է բարձր բերք։ Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգ գրեթե չկա։

-Ոլորտում ներդրվու՞մ  են  կամ կիրառվում ե՞ն ժամանակակից տեխնոլոգիաներ։

-Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը ուղղված են արդիական տեխնոլոգիաների ներդրմանը։

-Անասնաբուծության ու բուսաբուծության ցուցանիշների բարելավման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են իրականացվում, մասնավորապես՝ տեղական նախրի մթերատվության հատկանիշների բարձրացման, մշակաբույսերի բերքատվության բարելավման առումով

-Ներկայումս նախարարության կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագրի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչի  և «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների» ծրագրերը։

Բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության բոլոր ծրագրերն ուղղված են արտադրության ինտենսիվացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու արտադրողականության բարձրացմանը՝ և՛ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, և՛ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և՛ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագիրը, և Բուսաբուծության աջակցության ծրագիրը։  Բուսաբուծության աջակցության ծրագրի իրականացումը կնպաստի նաև անասնաբուծության ճյուղի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակներում խթանվում է գարնանացան գարու, վարսակի, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի մշակությունը։

-Որքանո՞վ են ընդլայնվել հանրապետության մշակովի հողատարածքները վերջին տարիների համեմատ և մշակության ո՞ր ճյուղի շնորհիվ։

-Էական փոփոխություններ չկան, փոխարենը պետական աջակցության ծրագրերը միտված են արտադրողականության բարձրացմանը և ցանքատարածությունների մակերեսների ավելացմանը։

-Կա՞ն նոր ծրագրեր, որոնց ներդրումը նախատեսվում է ընթացիկ կամ գալիք տարում։

-Շրջանառության փուլում են գտնվում «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028թթ ծրագիրը հաստատելու մասին», ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» և «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» «Մթերատվության բարձրացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am