Տնտեսություն

Էներգաարդյունավետության չիրացված ներուժից դեպի գործնական ներդրումներ․ Երևանում քննարկվել են կանաչ տնտեսության զարգացման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

Հայաստանում էներգաարդյունավետության չօգտագործված հնարավորությունները և դրանք գործնական ներդրումների վերածելու ուղղությամբ հարցերը մեկ հարթակում են համախմբել ոլորտի ներկայացուցիչներին, բիզնեսին, ֆինանսական կառույցներին, փորձագետներին։ Գրանթ Թորնթոն Հայաստանի կազմակերպած համաժողովի նպատակն էր ներկայացնել էներգախնայողության ներուժը, ներդրումային հնարավորություններն ու ֆինանսավորման մեխանիզմները։

Ընկերության գործընկեր և գործարար խորհրդատվության ծառայությունների բաժնի ղեկավար Ազատ Մանուկյանի խոսքով՝ էներգաարդյունավետության մեծ ներուժ կա հատկապես շենքերի շինարարության ոլորտում, բիզնեսում և արդյունաբերական ընկերություններում։

«Սա կարևոր միջոցառում է, քանի որ այն մեկտեղում է տարբեր շահագրգիռ կողմերի, և մենք փորձում ենք հասկանալ, թե էներգաարդյունավետության ինչ չօգտագործված հնարավորություններ կան։ Կարծում ենք, որ էներգաարդյունավետությունը, մասնավորապես՝ շենքերում, ինչպես նաև բիզնեսում և արդյունաբերական ընկերություններում, բավականին մեծ ներուժ ունի։ Տարբեր գնահատականներով՝ նույն շենք-շինություններում էներգախնայողության հնարավորությունը կազմում է մոտ 40-60 տոկոս»,-ասաց Մանուկյանը։

Համաժողովն անցկացվել է RECONOMY ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնության ներքո։ Ծրագիրն ուղղված է աջակցելու բիզնեսին էներգախնայողության հնարավորությունների բացահայտման, ներդրումային ծրագրերի մշակման ու դրանց ֆինանսավորման համապատասխան ուղիների ընտրության հարցում։

Արևելյան Գործընկերության երկրներում ծրագրերի համակարգող (RECONOMY ծրագիր, Հելվետաս Շվեցարական Համագործակցություն)  Մարիաննա Ավետիսյանը ներկայացրեց նախաձեռնության շրջանակում Հայաստանում և տարածաշրջանում իրականացվող աշխատանքները։

«RECONOMY ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հելվետաս»-ի կողմից, մենք համագործակցում ենք Գրանթ Թորնթոն Հայաստանի հետ՝ բիզնեսների համար էներգախնայողության և կանաչ ֆինանսավորման խորհրդատվական ծառայությունների մշակման ուղղությամբ։ Շատ ուրախ եմ, որ արդեն իսկ շուկայում ներկայացվում են այս ծառայությունները, և դրանք հասանելի են լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Այս խորհրդատվական ծառայությունների նպատակն է օգնել բիզնեսներին հասկանալու իրենց էներգախնայողության հնարավորությունները»,-նշեց Ավետիսյանը։

Գրանթ Թորնթոն Հայաստանի գործընկեր Անի Հակոբյանի խոսքով՝ բազմաթիվ ընկերություններ ունեն էներգետիկ ծախսերը նվազեցնելու հնարավորություն, սակայն հաճախ հստակ պատկերացում չունեն՝ որտեղից սկսել և ինչպես ճիշտ գնահատել առաջարկվող լուծումների տնտեսական արդյունավետությունը։

«Մեր նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին՝ արդյունաբերողներին, բիզնեսին և, իհարկե, էներգաարդյունավետության ոլորտի փորձագետներին, բերել և միավորել մեկ հարթակում։ Նրանք հնարավորություն կստեղծեն առկա ներուժը վերածելու իրական ներդրումային ծրագրերի, իսկ մենք՝ որպես խորհրդատու, այդ շղթան իրար կապող դեր ենք ստանձնում»,-ասաց Հակոբյանը։

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացրեց էներգաարդյունավետության և կանաչ ֆինանսավորման ոլորտում իր նոր խորհրդատվական ծառայությունները. Դրանք միտված են ընկերություններին աջակցելու էներգախնայողության ներուժի գնահատման, արդյունավետ լուծումների ընտրության և ներդրումային ծրագրերի մշակման հարցերում։

Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև պանելային քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններին, ներդրումների խթանման գործիքներին և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ համագործակցությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում