6 րոպեի ընթերցում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հինգերորդ տարին անընդմեջ հրապարակում է Կայուն զարգացման հաշվետվությունը, որում ներկայացվում են ընկերության ձեռքբերումներն ու բացթողումները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի։ Նա նշեց, որ հաշվետվողականությունը կառավարման և շարունակական կատարելագործման գործիք է։
«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոման Խուդոլին։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը շարժվում է կոնսոլիդացման ուղղությամբ։ Այս պահին քննարկվում և ավարտական փուլում է հանքարդյունաբերության ոլորտում կոնսոլիդացված ընդհանուր ստանդարտների մշակման և հաստատման հայեցակարգը։
«ԶՊՄԿ-ն խոշորագույն կազմակերպություններից մեկն է մեր երկրում։ Մեծ կազմակերպությունները նաև պետք է պարտավորված լինեն անելու հավելյալ քայլը, չպետք է պարփակվել պահանջներով, այլ պետք է նաև առաջ գնալ, որովհետև խոշոր լինելը նաև պատասխանատվություն է՝ փորձով կիսվելու, առաջադեմ նոր հայացքներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ բերելու Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ մասնավոր հատված»,– նշեց Ստեփանյանը։
ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։
«Այդ նոր շրջանակը և ստանդարտը, որն առաջին անգամ կիրառվեց Հայաստանում, աշխարհում ևս նոր է․ այն ընդամենը 3-4 տարվա պատմություն ունի։ Սակայն այս կարճ ժամանակահատվածում այն արդեն, լավ իմաստով, «վարակել է» 730 գլոբալ կազմակերպության, որոնցից 480-ը բավական խոշոր են, իսկ 18-ը՝ հանքարդյունաբերական կազմակերպություններ։ Այդ կազմակերպություններից երեքը ՓԲԸ-ներ են։ Եթե մենք հաշվետվությունը հրապարակենք և հասցնենք գրանցել, ապա աշխարհում կդառնանք չորրորդ ՓԲԸ-ն, որը կիրառել է այդ նոր շրջանակն ու ստանդարտը»,– ասաց նա։
Ինչպես առաջին, այնպես էլ հինգերորդ հաշվետվության ներկայացումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում պատահական չէ։ ԶՊՄԿ-ից նշում են, որ հաջորդ տարի նախատեսում են իրենց փորձով կիսվել նաև գործընկեր բուհի հետ՝ արդեն Պոլիտեխնիկի կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացնելու նպատակով։
Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, խոսելով կայուն զարգացման հաշվետվության մասին, նշեց, որ զեկույցի ամբողջ կառուցվածքն ու դրա հիմքում ընկած փիլիսոփայական դրույթները վերաբերում են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումից մինչև շրջակա միջավայրի պաշտպանություն, կայուն տնտեսությունից և ֆինանսական միջոցներից մինչև տարբեր ռիսկերի գնահատում, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված խնդիրներին։
«Այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի ապագայի մասնագետների համար։ Պոլիտեխնիկի ուսանողները, այս փաստաթուղթն ընթերցելիս և կայուն զարգացման զեկույցի մեջ ներգրավվելիս, ապագայի մասնագետներին նման գաղափար են փոխանցում, որպեսզի նրանք լինեն ապագայի կրողները։ Այն ակադեմիական անձնակազմի և ուսանողական անձնակազմի ձեռքի տակ գտնվող կարևոր գործիք կլինի՝ հետագա անելիքների և գործունեության տեսանկյունից որպես կողմնորոշիչ փաստաթուղթ»,– ասաց Գոռ Վարդանյանը։
Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։