Տեսանյութ

Podcast. Հայաստանում գործազրկության ցուցանիշները շարունակում են նվազել

2 րոպեի ընթերցում

Վերջին երկու տարիներին Հայաստանում էականորեն նվազել է աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թիվը։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, ներկայացնելով զբաղվածության ոլորտում արձանագրված վերջին միտումները, մանրամասնեց, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով Հայաստանում հաշվառված է եղել շուրջ 46,5 հազար աշխատանք փնտրող անձ, որից մոտ 32,9 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ արդեն ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է մինչև 36,9 հազար, իսկ գործազուրկներինը՝ մինչև 27,2 հազար։

Ըստ Թովմասյանի՝ նվազման միտումը պայմանավորված է աշխատանքի տեղավորման ուղղությամբ իրականացվող ծրագրերով։  

Անդրադառնալով Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող  նախաձեռնություններին՝ նա ընդգծեց գործազուրկների թվային գրագիտության զարգացման ծրագիրը, որի շրջանակում մոտ 30 հազար շահառուի համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ։  

Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից, իսկ հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան նաև կրթական վաուչեր։

Բացի այդ, մշակվել են ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների զբաղվածության խթանմանը։ Այս դեպքում պետությունը գործատուներին կտրամադրի հարկերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում, ինչպես նաև հավելյալ խրախուսական վճարներ երկարաժամկետ աշխատանքի ապահովման պարագայում։

Շարունակվում են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը, որոնցից արդեն օգտվել է շուրջ 2900 մարդ։ Գործարկվել է նաև ինքնազբաղվածության նոր ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2 միլիոն դրամ դրամաշնորհ՝ բիզնես նախաձեռնությունների իրականացման համար։

Թովմասյանի խոսքով՝ պետական քաղաքականությունը միտված է ոչ միայն կարճաժամկետ աջակցությանը, այլև քաղաքացիների երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը, հմտությունների զարգացմանն ու աշխատաշուկային արդյունավետ ինտեգրմանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքասթում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում