Տեսանյութ

Նույնիսկ խաղի կանոններ թելադրողները Մերձավոր Արևելքի համար չունեն հստակ ծրագիր. փորձագիտական վերլուծություն

3 րոպեի ընթերցում

Քաղաքական մեկնաբան Սագօ Արեանը կարծում է, որ մերձավորարևելյան զարգացումներն ընկալելու համար անհրաժեշտ է խորությամբ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, Լիբանանում, որովհետև այդ երկիրն ամբողջ տարածաշրջանի տեղաշարժերի հանգուցակետն է։    

«Արմենպրես»-ի  փոդքաստի թողարկման շրջանակում Սագօ Արեանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենի համատեքստում վերլուծեց, մասնավորապես, Լիբանանում առկա իրավիճակը։   

«Թեև Լիբանանը վերջին տարիներին կրեց զրկանքներ, տնտեսությունը ստացավ լրջագույն հարվածներ, սակայն արաբական այս երկիրը շարունակում է լինել շարժիչ ուժ Արևելքի ու Արևմուտքի հարաբերություններում»,- ասաց Արեանը։  

Նրա դիտարկմամբ՝ շիա համայնքներ ունեցող երկրների հիմնական թշնամի հանդիսացող Իսրայելի դեմ Լիբանանը դարձել է հատկապես Իրանի համար կարևոր օղակ։ Մեկնաբանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում զարգացումների քաոտիկ մեկնարկին նպաստեց 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը։ Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը դարձավ շրջադարձային։

«Տարածաշրջանում կան մի շարք խաղացողներ, որոնք կարևորում են Լիբանանի դերը։ Դրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն։ Յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների չափաբաժնով ներգրավված է տարածաշրջանային զարգացումներում։ Լիբանանը մշտապես եղել է մղիչ ուժ, որտեղ բոլորը տևական ժամանակ իրար հետ հավասարազոր կերպով շփվել են ու իրենց քաղաքական խոսույթը առաջ են տարել, բայց հիմա իրավիճակը փոխվել է, և նույնիսկ խաղի կանոններ թելադրողները Մերձավոր Արևելքի համար չունեն հստակ ծրագիր։ Այդ մասին են վկայում Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, Լիբանանում վերջին տարիներին ընթացող զարգացումները և Գազայի հատվածում կատարվածը»,- նշեց մեր զրուցակիցը։

Արեանը հավելեց, որ ԱՄՆ-ն Իսրայելին տվել է ամենակարողության զգացում, ինչը հանգեցրել է հակամարտության շարունակականությանը։ Նրա կարծիքով՝ դեռ հստակ չէ, թե ինչ լուծումներ են նախատեսվում հանգուցալուծման առումով։

«Պատերազմական գործողությունները կոնֆլիկտի երևացող մասն են, մինչդեռ լուծումը մշուշոտ է։ Այս պահին Լիբանանում առկա իրավիճակը կարելի է բնորոշել որպես կրիտիկական։ Հարցն այն է՝ արդյոք Իրանը բանակցություններում «վաճառելո՞ւ է» «Հըզբոլլահ»-ին, թե՞ Լիբանանը պետք է «նվիրաբերվի» Իրանին, առավել ևս, որ շիա զանգվածը բավականին խորն արմատավորված է Լիբանանում։ Վստահաբար բանակցություններում կլինեն որոշակի պայմանավորվածություններ, որոնց արդյունքները նկատելի կլինեն առաջիկայում։ Մի բան հստակ է, որ հակամարտության թեժ փուլն անցյալում է, ու եկել է կարգավորումների ժամանակը»,- եզրափակեց Արեանը։     

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում