3 րոպեի ընթերցում
Լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, ավելի հասանելի և կիրառելի է դառնում բիզնեսի համար։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ LEASING EXPO-ն համախմբում է ոլորտի պատասխանատուներին՝ այս տարի էլ ավելի հագեցած լուծումներով և առաջարկներով։
Ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին Մերիդիան էքսպո կենտրոնը կրկին դառնում է բիզնեսի հիմնական միջոցների թարմացման կամ դրանց ձեռքբերման լավագույն հասցեն։ Ցուցահանդեսին ներկայացված են 70-ից ավելի ընկերություններ՝ տարբեր ոլորտներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ 2023 թվականին, երբ խոսում էին լիզինգի մասին, մարդիկ շատ երկյուղած և մի փոքր վախեցած էին վերաբերվում, քանի որ չէին պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը։ Իսկ այսօր՝ արդեն 4 տարի անց, հասարակության շրջանում ձևավորվել է ավելի հստակ պատկերացում լիզինգի մասին։
«Ուրախ ենք նաև արձանագրել, որ տարածաշրջանում մեր երկիրը միակն է, որն ունի լիզինգ ֆինանսական գործիքին նվիրված առանձին մեծ ցուցահանդես՝ իր ենթակառուցվածքներով։ Շատ մեծ շնորհակալություն ենք հայտնում ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների ասոցիացիային, գլխավոր հովանավորներին՝ Rox Armenia և Premium Machinery Armenia ընկերություններին, հիմնական գործընկեր Acba Leasing CO CJSC-ին, ինչպես նաև հովանավորներին՝ JMC Armenia և Armenian Leasing Company ընկերություններին»,- նշեց Հարոյանը։
LEASING EXPO 2026-ը մասնագիտացված հարթակ է, որտեղ գործարարները գտնում են անհրաժեշտ բոլոր առաջարկները՝ բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար, ինչպես նաև ծանոթանում են ոլորտի նորարարություններին և հատուկ այս երեք օրերի համար մշակված շահավետ առաջարկներին։
PMA ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ արդեն չորրորդ տարին է՝ իրենք LEASING EXPO-ի գլխավոր հովանավորն են։ Ըստ նրա՝ այս ֆինանսական գործիքը կարևոր շարժառիթ է բիզնեսում։
«Տեխնիկայի վաճառքի ոլորտում մենք Հայաստանում առաջատար ենք։ Պայմանավորված Հայաստանում տնտեսական աճով՝ մենք մեր բոլոր միջազգային ներդրումները ուղղում ենք այստեղ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի ղեկավարության ճիշտ քաղաքական ուղղվածությունը։ Մենք կարծում ենք, որ հայկական շուկան այս պահին համարվում է առաջնային, և հենց դա է պատճառը, որ մենք միշտ այս ցուցահանդեսի գլխավոր հովանավորն ենք»,-ասաց Բաիբուրդը։
Ցուցահանդեսին ներկայացված AGROIT ընկերությունն արդեն երկար տարիներ ներմուծում է այգեգործության համար մի շարք սարքավորումներ՝ հայտնի բրենդերից։
Վերջին շրջանում էլեկտրական մեքենաների մեծ պահանջարկը բերել է նաև առաջարկի աճի․ ցուցահանդեսի ընթացքում Wuling և WELES GROUP ընկերությունները ներկայացնում են ընտրության լայն հնարավորություն։
Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Այն բաց կլինի ժամը 12:00-ից մինչև 20:00-ն։