2 րոպեի ընթերցում
Ոստիկանությունը նախատոնական օրերին ուժեղացնում է վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումները՝ ալկոհոլային կեղծ խմիչքների վաճառքը բացահայտելու և կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Այդպիսի մի դեպք բացահայտեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները` համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ: Օպերատիվ տվյալն իրացնելիս` դեկտեմբերի 23-ին` ժամը 19-ի սահմաններում, մայրաքաղաքի Արագածի փողոցում, ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման և իրացման կասկածանքով ձերբակալվեց Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ և իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Շենգավիթի բաժին: Այստեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրեց ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ»,- նշված է հաղորդագրությունում։
Հետագա միջոցառումների արդյունքում՝ Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրել է կեղծ խմիչքի ևս 413 շիշ:
«Ըստ նախնական տվյալների` դեկտեմբերի 22-ին նա երեք տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչք էր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում և Արշակունյաց փողոցում»,- հայտնում է ոստիկանությունը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։