Տեսանյութ

Ինչպես ընտրել առողջ և անվտանգ կաթնամթերք. մասնագետների խորհուրդներն ու վերահսկողության նոր մեխանիզմները

5 րոպեի ընթերցում

Կաթն ու կաթնամթերքը, հատկապես երեխաների սննդակարգում, շատ կարևոր դեր ունեն: Կաթնամթերքը համարվում է առողջ ափսեի հիմնական բաղադրիչներից մեկը: Այսօրվա բազմազան շուկայում կողմնորոշվելն ու առողջ և անվտանգ կաթնամթերք ընտրելը բարդ է: Շատ հաճախ  սպառողները մթերքներ ընտրելիս ուշադրություն չեն դարձնում պիտակներին և մանրամասն չեն ուսումնասիրում բաղադրիչները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  էնդոկրինոլոգ, դիետոլոգ Անուշ Միրզոյանն ընդգծեց՝ առողջ կաթնամթերք համարվում են այն արտադրանքները, որոնք ունեն կարճ բաղադրություն, կարճ պիտանելիության ժամկետ և պատրաստված են բնական հումքից:

Նրա խոսքով՝ հատկապես երեխաների կողմից հաճախ օգտագործվող յոգուրտների պարագայում 100 գրամում շաքարի պարունակությունը չպետք է գերազանցի 5-6 գրամը, արտադրանքը չպետք է պարունակի բուսական ճարպեր կամ «E» նշումներով հավելանյութեր։ 

«Կարևոր է նաև բիֆիդո և լակտո բակտերիաների առկայությունը, քանի որ դրանք ապահովում են աղիների միկրոֆլորայի առողջությունը։ Իսկ այն կաթնամթերքը, որը չի համապատասխանում ստանդարտներին կամ արտադրվում է ոչ համապատասխան պայմաններում, կարող է առաջացնել միկրոբիոլոգիական խնդիրներ, սննդային թունավորումներ, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաներ։ Հատկապես եթե այն պարունակում է հավելանյութեր կամ ոչ բնական բաղադրիչներ»,- ասաց դիետոլոգը։

Մեծահասակներին, հատկապես եթե ունեն սիրտ-անոթային խնդիրներ մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել 2-3 տոկոսից ցածր ճարպ պարունակող կաթնամթերք, իսկ երեխաների պարագայում՝ հակառակը:

Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմա ունեցող Երեմյան կաթնամթերքը որակի  նոր ստանդարտ ներմուծեց շուկա՝ սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, մանկական կաթի վկայականով, Ա կարգի կաթով և արտադրական ամբողջական փակ շղթայով:

«Երեմյան կաթնամթերքը Հայաստանի Հանրապետությունում միակ ընկերությունն է, որը արտադրում է կաթն ու կաթնամթերքը սերմից՝ սեղան հայեցակարգի շրջանակում։ Այս նորարարական մոտեցումը թույլ է տալիս, որ արտադրական ողջ շղթան գտնվի մեր անմիջական վերահսկողության ներքո։ Դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս պահել որակի ամենաբարձր նշաձող»,- նշեց Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը:

Նրա խոսքով՝ առողջ կաթնամթերքի հիմքում յուրաքանչյուր կենդանու նկատմամբ անհատական մոտեցումն է․ նրանց առողջությունը և հավասարակշռված սնուցումը ընկերության առաջնահերթություններից են։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է կաթնամթերքի շուկայի վերահսկողությունը, քանի որ այն բարձր ռիսկային ոլորտ է։ Քաղաքացիներին անվտանգ կաթնամթերք ապահովելը տեսչական մարմնի առաջնահերթություններից է: 

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը նշեց, որ 2025 թվականին տարեկան պլանով ստուգվել են կաթնամթերք արտադրող 120 տնտեսվարողներ, որոնց մոտ արձանագրվել են տարբեր խախտումներ՝ մանրէաբանական ցուցանիշների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների մասով։ 

Վարդանյանի խոսքով՝ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ վաճառքի ցանցերում կաթնամթերքը պետք է իրացվի հատուկ դարակաշարերում. այն արտադրանքները, որոնք չեն պարունակում կաթնային ճարպի փոխարինիչ, պետք է վաճառվեն կանաչ դարակաշարերում՝ համապատասխան պիտակավորմամբ, իսկ այն արտադրանքները, որոնք պարունակում են փոխարինիչ, պետք է տեղադրվեն նարնջագույն դարակաշարերում՝ հստակ նշումով։ 

«Կաթնային յուղը թույլատրվում է փոխարինել միայն սահմանված կարգով՝ ընդհանուր յուղի զանգվածային բաժնի առավելագույնը 50 տոկոսով, հակառակ դեպքում արտադրանքը համարվում է կեղծված և առողջության համար վտանգավոր»,-ասաց նա:

Առողջ և անվտանգ  կաթնամթերք ընտրելիս մի մոռացեք՝ պետք է հետևել մակնշմանը՝ ժամկետների առումով և հավաստիանալ, որ տվյալ ապրանքանիշն ունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում