Տեսանյութ

Arlis-ի 20-ամյակը նշվեց նոր կայքի գործարկմամբ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը` Arlis-ը, 20 տարեկան է: Այս հարթակն արդեն տարիներ շարունակ դարձել է ոչ միայն իրավական համակարգի, այլև մի շարք ոլորտների աշխատակիցների ամենօրյա աշխատանքային գործիքը՝ հնարավորություն տալով նաև քաղաքացիներին հետևել  օրենսդրական փոփոխություններին, իրավական զարգացումներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարթակի կողմից տրամադրվող մատչելի իրավական տեղեկատվությունը կարևոր գրավական  է արդյունավետ կառավարման, իրավական պետության և հանրային վերահսկողության տեսանկյունից:  

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, շնորհավորելով  հարթակի  20-ամյակը, նշեց, որ Arlis-ի պատմությունը պետության հաջողության պատմություններից մեկն է, որն արդյունք է հետևողական աշխատանքի: 

«Այսինքն, որոշումը, որը ժամանակին կայացվել է, չէր կարող ապրել, եթե դրա հետևում կանգնած չլիներ այն թիմը, որը կանգնած է եղել, և չլինեին այն ջանքերը, որոնք ներդրվել են այս համակարգի կայացման գործում: Պետք է նշեմ, որ շատ դժվար է պատկերացնել մասնագիտական աշխատանքի որևէ օր առանց այս պաշտոնական կայքից օգտվելու»,-ասաց Գալյանը: 

Նախարարն ընդգծեց՝ համակարգը ստատիկ չէ և մշտապես կարիք ունի դինամիկ զարգացման, ուստի  թվայնացման և թվային խելացի գործիքների ներդրման օրակարգը կառավարության համար առաջնային օրակարգ է: 

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրեն Ռաֆաել Մանուչարյանը նշեց՝  Arlis հարթակը, ներդրվելով 2005 թվականին, անցել է զարգացման մի շարք փուլեր՝ թղթային եղանակով հրապարակումները փոխարինելով  նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: 

«Մեկնարկի պահին կայքում առկա է եղել ընդամենը 15 հազար իրավական ակտ, որից հետո աշխատանք է կատարվել, մուտքագրվել, մշակվել, բնագրերի հետ նույնականացվել են միլիոնավոր էջեր: Ներկայում Arlis կայքում առկա է 200 հազարից ավելի իրավական ակտ: Նշեմ, որ ստեղծման պահին  կայքի այցելուների թիվը եղել է օրական ընդամենը 1500 հոգի, ներկայումս այդ թիվը գերազանցում է 25 հազարը, իսկ սա խոսում է այն մասին, որ հարթակը կայացել է»,- ասաց Ռաֆաել Մանուչարյանը: 

Հարթակի կատարելագործման անընդհատ շղթան չի դադարում, և այն հանրությանը ներկայանում է նոր վերազինված կայքով, որը, ըստ մասնագետների՝ էլ ավելի կհեշտացնի համակարգից օգտվելը:  

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Պետրոսյանն էլ նշեց, որ Arlis-ը 20 տարիների ընթացքում դարձել է իրավական տեղեկատվության մատչելիության խորհրդանիշ, քանի որ իրավաբանները, քաղաքացիները, ընկերությունները և պետական մարմինները ամենօրյա ռեժիմով օգտագործում են Arlis-ի տեղեկատվական ռեսուրսը: Ես ինքս էլ, եթե իրավական որևէ տեղեկատվություն պետք է արագ ստանամ, միանշանակ առաջինը մուտք եմ գործում Arlis-ի հարթակ»,- ասաց Արտյոմ Պետրոսյանը:

Շնորհավորելով  Arlis -ի թիմին՝ Պետրոսյանը նշեց, որ հանրությունը տեսնում է կայքը, բայց դրա հետևում բավականին  ծանր ու ամենօրյա աշխատանք է: Մասնագետի խոսքով՝ հարթակը շատ կարևոր է բոլորի համար, ուստի ուրախ կլինի ապագայում այն տեսնել տեխնոլոգիապես ավելի զարգացած և վերազինված նորարարություններով: 

Համակարգի ստեղծման և զարգացման գործում մեծ ներդրման համար Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ-ի աշխատակիցները պարգևատրվեցին  շնորհակալագրերով։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում