3 րոպեի ընթերցում
Հայաստանում 4 անգամ մեծ հաջողությամբ կազմակերպված TOON EXPO-ն իր հոբելյանական 5-րդ ցուցադրությունը կներկայացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ այսկերպ ընդլայնելով աշխարհագրությունը: Եթե դուք կամ ձեր հարազատները բնակվում եք Ռուսաստանում և ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք՝ Հայաստանում, կամ՝ կատարել գրագետ ներդրումներ այս ոլորտում, ապա այս առաջարկը հենց ձեզ համար է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ այս տարի լինելու է երեք TOON EXPO, առաջինը՝ Մոսկվայում հունիսի 27-29-ը:
Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոնում ավելի քան 50 տաղավարներում ներկայացված կլինեն Հայաստանի առաջատար կառուցապատողները, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերությունները, բանկերը և անշարժ գույքի գործակալությունները։
Այդ երեք օրերի ընթացքում այցելուներին կներկայացվեն բնակարաններ նորակառույց շենքերում, առանձնատներ և ամառանոցներ, ներդրումային նախագծեր Հայաստանում և արտերկրում:
«Բանկերը ևս շատ ոգևորված են և TOON EXPO-ում ներկայանալու են սփյուռքի համար մշակված հատուկ հիփոթեքային առաջարկներով, որը սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար շատ հեշտ է դարձնելու Հայաստանում իրենց տունը ձեռք բերելը կամ ներդրում կատարելը»,- նշեց Հարոյանը:
Թեպետ ցուցահանդեսին լինելու է 50 տաղավար, բայց ընկերությունները ներկայանալու են մի քանի նախագծերով, բոլորը՝ միայն այդ 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։
«TOON EXPO Մոսկվան ևս բացառություն չէ, այստեղ թե՛ բանկերն են հիփոթեքային վարկերի հատուկ առաջարկներ մշակել, թե՛ կառուցապատողներն են հատուկ զեղչային պայմաններ առաջարկելու: Այժմ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, քանի որ կարևոր է նախ ուսումնասիրել դրսի շուկան՝ հասկանալու համար, թե առհասարակ ի՞նչ պահանջարկ ունեն Ռուսաստանում ապրող մարդիկ ու հատկապես հայերը, որպեսզի մեր պրոդուկտն ադապտացնենք այդ շուկային»,- նշեց նա:
Մոսկվայում հունիսի 27-29-ը անցկացվող TOON EXPO-ի մուտքը անվճար է, բայց գրանցումը՝ պարտադիր: Կարևոր է ֆիքսել, որ TOON EXPO-ն այս տարի չի սահմանափակվում միայն Մոսկվայով. հունիսին շրջագայությունը սկսում է ՌԴ մայրաքաղաքից, բայց արդեն սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա հերթական TOON EXPO-ն Երևանում: Այս տարվա վերջին ցուցահանդեսը կհյուընկալվի նոյեմբերին՝ Լոս Անջելեսում: