ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հյուրեր: «Այս ծրագիրը գործատուների և բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք և հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու են նաև հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Գործատուն և բուհերը աշխատաշուկան ավելի լավ են զգում։ Միասին կաշխատենք, որ ծրագիրը հաջող լինի և ավարտելուց հետո ունենանք պատրաստի մասնագետներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործակցությունը մասնավոր հատվածի հետ նպաստում է, որ բուհական ծրագրերը լինեն արդիական, արդյունքում, բուհական կրթությունը մրցունակ կդառնա ու կզարգանա։ Նախարարի հավաստմամբ՝ մյուս տարի վերապատրաստման ծրագրերը կընդլայնվեն և կընդգրկեն ավելի մեծ թվով կադրերի։ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը տեղեկացրել է, որ «Խելացի լուծումների» կենտրոնը մեծ ծրագրի կրթական հատվածն է, որը ներկայացնում է 2 լսարան և 3 լաբորատորիա հետևյալ ուղղություններով՝ կիբեռանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա և իրերի համացանց: Ըստ նրա` կենտրոնում իրականացվելու են ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ: