PSA Groupe-ը եւ Fiat Chrysler-ը համաձայնության են հասել միաձուլման շուրջը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: Fiat Chrysler ամերիկա-իտալական ավտոմոբիլային կոնցեռնը եւ Ֆրանսիայի Groupe PSA (Peugeot Societe Anonyme, «Պեժո» բաժնետիրական ընկերություն) ավտոհսկան ստորագրել են միաձուլման համաձայնագիր: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի ավտոկոնցեռնի մամուլի ծառայությունը, տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը:
«Fiat Chrysler-ը եւ Groupe PSA-ն այսօր ստորագրեցին իրենց բիզնեսների միաձուլման համաձայնագիր, որպեսզի ստեղծեն աշխարհում արտադրության ծավալով 4-րդ եւ շրջանառությամբ 3-րդ ավտոկոնցեռնը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ համաձայնագրի իրականացումը կպահանջի շուրջ 12 – 15 ամիս: Նոր միավորված ընկերությունը մտադիր Է վաճառել տարեկան շուրջ 8,7 միլիոն ավտոմոբիլ, ավտոհսկայի միագումար եկամուտները կկազմեն 170 միլիարդ եվրո, իսկ գործառնական շահույթը՝ 11 միլիարդ եվրո:
Գլխամասային ընկերությունը կգտնվի Նիդեռլանդներում, նոր ավտոկոնցեռնի բաժնետոմսերը կզետեղվեն Փարիզի, Միլանի եւ Նյու Յորքի ֆոնդային սակարաններում: Տնօրենների խորհրդի կազմը կլինի հավասարակշռված՝ հնգական մարդ յուրաքանչյուր ավտոկոնցեռնից, դրա նախագահը կլինի Fiat Chrysler-ի նախագահ Ջոն Էլքանը: Նոր ձեռնարկության գործադիր տնօրեն կնշանակվի Groupe PSA-ի նախագահ Կառլոս Տավարեսը հինգ տարի ժամկետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: