Հասարակական

Ոստիկանության հարցաքննությունների սենյակները կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության հարցաքննությունների սենյակները կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության շենքերում հարցաքննությունների սենյակները կահավորել տեսաձայնագրող սարքերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

Եսայանի հավաստմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները ՝ տեսաձայնագրող համակարգերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։

Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։

Օրենքի նախագիծը դեկտեմբերի 13-ի ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում