Հասարակական

ԲՀԿ-ականները խորհրդարանում հանդուրժողականության, համերաշխության պակաս են տեսնում

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ականները խորհրդարանում հանդուրժողականության, համերաշխության պակաս են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են` 7-րդ գումարման Ազգային ժողովի արդեն գրեթե մեկ տարվա գործունեության ընթացքում երբեք անգործության չեն մատնվել, ներկայացրել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն պատգամավորները հանդուրժողականության և համերաշխության պակաս են տեսնում խորհրդարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության պատգամավորները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցներում` ամփոփելով մեկ տարվա աշխատանքները:

«Կարծում եմ, որ նոր Հայաստանի պայմաններում բոլորս պետք շահագրգռված լինենք, որ խորհրդարանը աշխատի շատ ավելի արդյունավետ, քան աշխատել է այս մեկ տարվա ընթացքում: Շատ ենք խոսում սիրո, հանդուրժողականության, համերաշխության հեղափոխության մասին, սակայն մեր առօրյա գործընթացներում դրանք այնքան էլ չեն դրսևորվում: Համենայնդեպս, ես հուսով եմ, որ այն, ինչ մենք չենք կարողացել անել այս մեկ տարվա ընթացքում, մյուս տարիների ընթացքում գոնե կարողանալու ենք այս բացը լրացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության աշխատանքներին`նա նշեց, որ ներկայացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ միտված են եղել այս կամ այն խնդրի օրենսդրական կարգավորմանը: «Դրանց մի մասն ընդունվել է, մեծամասնությունը չի ընդունվել, համենայնդեպս հուսով եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի այս առումով ունենալ դրական տեղաշարժ ու ավելի բովանդակային աշխատանք իրականացնել: Լեզվակռիվները, փոխադարձ կսմիթները, վստահաբար, որևէ մեկին որևէ լավ բան չեն տալու»,-նշեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց` խորհրդարանի աշխատանքը պետք է ժողովուրդը գնահատի, համենայնդեպս նշեց` իրենց գործունեությունը համարում են բարձր կարգով իրականացված, որովհետև երբեք անգործության չենք մատնվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում