2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվել այս տարի և ի՞նչ է նախատեսվում 2020թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ավագանու անդամների քննարկմանը ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մեկ տարվա աշխատանքը, նշել է, որ գույքագրվել են ոռոգման ցանցերն ու առկա խնդիրները:

Այսօր Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 867,5 հա, իսկ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը՝ 7,8 քմ: Ուսումնասիրվել և մշակվել է ծառերի անձնագրավորման մեթոդիկա, կատարվել են ՇՄԱԳ փորձաքննություններ: Անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրին` նշվել է, որ դրա հիմնական պատճառը քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներն ու գործող հանքերն են, որոնք կարող են չեզոքացվել կանաչ տարածքների ավելացմամբ:

«2020թ. կներդրվի կանաչապատման միանգամայն նոր մոտեցում: Նախագծված համալիր լուծումներով ու բնապահպանական ծրագրերով կմեկնարկեն կանաչապատ տարածքների վերականգնման աշխատանքները»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքային իշխանության համար ոլորտի զարգացման ծրագրերում է Փարոսի անտառի վերականգնումը: Նախատեսվում է նաև Սարալանջի 10 հա, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի 7.0 հա, Նուբարաշենի խճուղու 8.5 հա, Ջրաշխարհի աջակողմյան լանջի 12 հա տարածքում ստեղծել անտառապաշտպանիչ գոտի: Նախագծերն արդեն պատրաստ են: Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին և Սարյանի անվան պուրակը: Նախատեսվում է վերականգնել նաև Խ. Աբովյանի անվան պուրակը, կանաչապատման նոր լուծում տալ Աշտարակ-Դավթաշեն նոր կառուցված ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հա կանաչ տարածքին: Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում էլ իրականցվել է կոճղաշիվային էտ:

Քաղաքի բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կստեղծվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները և հստակ տնօրինել դրանք: Իսկ կազմավորված պրոֆեսիոնալ և մասնագիտական թիմը կունենա քաղաքի կանաչապատման, խնամքի և ոռոգման նոր համալիր լուծում, և կատարված աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն միասնական մոտեցմամբ: ՀՈԱԿ-ը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, լանդշաֆտային ճարտարապետային մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ համայնքային կառույցը կզբաղվի նաև աղբի տեսակավորման, մասնավորապես թափոնների ընդունման կետերի ստեղծման և սպասարկման խնդրով:

Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողություն կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքային իշխանությունը մի քանի նախագծեր ունի. օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները: Քաղաքը պետք է ձեռք բերի նաև անհրաժեշտ համապատասխան գույք:

Հանդիպման ընթացքում ավագանու անդամներին է ներկայացվել նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքները: 2019-ի ընթացքում 2600 շուն է ստերջացվել, պատվաստվել և վերադարձվել տարածքներ: Կենտրոնի աշխատանքների շնորհիվ որդեգրման է հանձնվել 26 շուն: Նշվել է, որ ավարտական փուլում է կլինիկակացարանային նոր համալիրի շինարարությունը:

Ավագանու անդամները հետաքրքրվել են ծրագրերի մանրամասներով և իրագործելիության հնարավորություններով: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ այս տարի աշխատանքն առավել ոչ հանրային է եղել, մշակվել է ռազմավարություն, որի արդյոնքներն ուշացնել չեն տա:

Հայերեն

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները