Ութամյա Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու: Էլենի համար դեկտեմբերի 6-ն առանձնահատուկ էր, այսօր նրան հայտնեցին, որ իր անալիզները լավ արդյունք են ցույց տվել, ինքը բուժված է ու կարող է գնալ տուն:

Էլենը տուն գնալու լուրն ընդունեց շատ զուսպ, մայրն ասաց՝ Էլենը զգացմունքային, բայց չարտահայտվող է, զգացմունքներն իր ներսում է պահում:

«Շատ էի սպասում տուն գնալուն: Առաջինը գրկելու եմ իմ փափուկ խաղալիք նապաստակին, որովհետև շատ եմ սիրում։ Կանչելու եմ ընկերուհուս, որ իրար հետ զբաղվենք: Բայց երբ ես իրեն ասում եմ ընկերուհի, ինքն ասում է՝ ես քո քույրն եմ, ասում է՝ ինքը քույր չունի, ես էլ չունեմ, ուրեմն իրար քույր ենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էլենը:

Էլենը նշեց՝ քույրիկ չունի, սակայն եղբայրներ՝ լիքը: Տանը Էլենին սպասում է հարազատ երկու եղբայրներից մեկը, մյուսը ծառայում է բանակում: Նախքան տուն գնալու մասին լուրը լսելն Էլենից հետաքրքրվել էինք, թե Ամանորն ինչպես է դիմավորելու: «Գնալու եմ տուն, եղբայրներիս մոտ»,-ասաց Էլենը՝ առանց իմանալու, որ իր ցանկությունը շատ ավելի շուտ է կատարվելու:

Տոներին ընդառաջ Էլենը հասցրել է արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել, նամակի բովանդակությունը գաղտնիք չէր: «Ուզել եմ իմ հասակի տիկնիկ, որ ձեռքերը շարժվի ու ունենա իր վարսահարդարման գործիքները»,-ասաց 8-ամյա փոքրիկն ու խոստովանեց իր երազանքն է դառնալ «Միսս Հայաստան»:

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի օրդինատոր Աննա Ավագյանը պատմեց, որ Էլենի մոտ ախտորոշված է եղել լոկալիզացված տիպի յուինգի սարկոմա (ոսկրի քաղցկեղ), մետաստատիկ ախտահարումներ չեն հայտնաբերվել: Էլենը հունվար ամսից Մուրացանի կլինիկայում ստացել է քիմիաթերապիա, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ենթարկվել է վիրահատության, կատարվել է ուռուցքի հեռացում, ինչից հետո նա ընդունվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն: Բուժումն արդեն ավարտվել է, վերջին քիմիոթերապիան կատարվել է 2 շաբաթ առաջ: Հիմա Էլենը բուժված է, և նրան դուրս ենք գրում»,-ասաց Ավագյանը:

Էլենը շատ է սպասել տուն գնալուն, բժիշկներից նաև հետաքրքրվել է, թե երբ են իր լաբորատոր ցուցանիշները լավանալու: «Երեկ Էլենը նեղացած նստած էր, որովհետև 2 օր առաջ կատարված արյան անալիզներում ցուցանիշները մի փոքր ցածր էին, նա նեղացած էր, փորձում էինք կատակներ անել, որ տրամադրությունը բարձրանար: Այսօր անալիզները կրկնեցինք, տեսանք, որ ամեն ինչ լավ է, և այսօր Էլենը տուն է գնալու»,-եզրափակեց Ավագյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը