Տնտեսություն

Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ արտադրվել է օրգանական գինի՝ պատրաստված սերտիֆիկացված օրգանական խաղողից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ օրգանական գինու արտադրությունը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ առաջընթաց է ապրում, և վերջին տարիներին դրան մեծ ուշադրություն է դարձվում: Այս տարի առաջին անգամ շուկա է դուրս գալու խաղողից պատրաստված հայկական օրգանական գինին: Գինեգործության ոլորտը սկսել է բավականին ակտիվ զարգանալ և մեր հիմնադրամն այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է իրականացնում»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսության դերը շատ է կարևորվում:

«Օրգանական գյուղատնտեսությունը համարվում է ագրոէկոհամակարգը վերականգնող, ամրապնդող և առողջացնող միջոց: Այդ մթերքների արտադրությունը ողջունվում է և կարևոր է մեզ համար առողջ գյուղատնտեսության ու առողջ ապրելակերպի համար»,- նշեց Մարտիրոսյանը:

Օրգանական գինիները Հայաստանում արտադրում է Տրինիտի Կանյոն Այգիներ ընկերությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում