Հասարակական

Զարեհ Սինանյանն Ուկրաինայում հանդիպել է հայ գործարարների հետ

3 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանն Ուկրաինայում հանդիպել է հայ գործարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին և քննարկվելիք հարցերի շրջանակը:

Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:

Գործարարներն ընդգծեցին նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ հնչեց նաև ստեղծել հայ-ուկրաինական արևտրային պալատ, որը հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը:

Գործարարների ակումբի մյուս փոխնախագահ Ալեքսանդր Փիլոյանը շեշտարդել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

Գործարարները խոսեցին նաև Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և ներդրումների մասին:

Գլխավոր հանձնակատարը կարևորեց գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջև առկա համախմբվածությունը, ինչպես նաև շեշտեց խնդիրների և խոչընդոտների վերացման կարևորությունը:

Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում