ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արդեն տասներորդ տարին է, ինչ ՀՀ պետական մրցանակ է հանձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց: 2019-ի դափնեկիրն է «Origami World» տեսության հիմնադիր, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն՝ Ճապոնիայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դափնեկրի անունը հայտարարվեց նոյեմբերի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հրավիրված ասուլիսում:
«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ինչպիսիք են «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրենՔրեյգ Բարրետը, «Apple Computer»կորպորացիայիհամահիմնադիր Ստիվ Վոզնիակը և այլք: Նրանք մարդիկ են, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և հավելեց՝ մարդիկ, ովքեր իրենք մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը:
Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մրցանակը շնորհվում է որպես ՀՀ պետական մրցանակ: «Մենք նշաձողը շատ բարձր ենք ընտրել, և շարունակում ենք պատվով կատարել մեր աշխատանքը»,-նկատեց նա:
Տակեո Կանադեն իր մրցանակի հետևից Հայաստան կգա դեկտեմբերին: «Հայփոստը» ծրար կթողարկի՝ Կանադեի դիմանկարով, ծրարի հոբելյանական մարումը կլինի մրցանակը հանձնելուց առաջ: Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա ֆորում, որին Կանադեն կլինի ամենակարևոր խոսնակներից, նա կհանդիպի նախարար Արշակյանի, Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան տեղի կունենա պաշտոնական արարողությունը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնի ոսկե մեդալը և մրցանակը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
Տակեո Կանադեն կարևոր ներդրում է կատարել մի շարք ոլորտներում` սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգոռիթմեր, որոնք լայնորեն օգտագործվում են այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի ճանաչման մասին, որտեղ նա մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնք կարող էին նկատել շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ՝ ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստացման հիմնական ալգոռիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրել է եռաչափ պատկերների ուսումնասիրությանը և երկկողմանի պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981թ. նա ստեղծել է մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև ստեղծել է «Վիրտուալ իրականություն» հասկացությունը, որում տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը կարող է օգտագործվել ցանկացած տեսանկյունից նոր տեսարաններ ստեղծելու համար: Կանադեի նորարարությունները ներառված են մի քանի ինքնավար ռոբոտների մեջ, այդ թվում` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում:
Մուսայելյանը նշեց, որ մրցանակաբաշխության համար ունեն ոլորտի լեգենդների ցանկ, որոնք հեղափոխական ներդրումներ են ունեցել: Այս տարվա դափնեկրի թեկնածությունն առաջարկել էր դիտարկել Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, հանձնաժողովը միաձայն ընտրել է նրան:
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝ շատ հպարտ է, որ մրցանակն արդեն երկրորդ անգամ ստանում է ճապոնացի: «Այս մրցանակաբաշխությունն արդեն շատ հայտնի է ամբողջ աշխարհով մեկ: ՏՏ-ն այն ոլորտն է, որում Հայաստանը և Ճապոնիան կարող են լավագույնս համագործակցել միմյանց հետ: Օրեցօր ավելի շատ ճապոնացիներ հայտնագործում են իրենց համար Հայաստանում ՏՏ ոլորտը, ես շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում ՏՏ ոլորտում Հայաստանի հետ կապված»,-նշեց նա:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է: Մրցանակը հիմնվել է 2009 թ. հուլիսի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ավանդը ՏՏ ոլորտում բերել և բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ:
Մրցանակաբաշխություննիրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը՝ միջազգային հանձնաժողովի կողմից:
Նախորդ տարիներիմրցանակակիրներն են «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրենՔրեյգ Բարրետը,«Apple Computer»կորպորացիայիհամահիմնադիր Ստիվ Վոզնիակը,«Synaptics»ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին,«Hitachi»ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն,«Cisco Systems»զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան,«Kaspersky Lab»-իգլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին,Ինտերնետի նախահայրերից մեկը,«Open-Root»կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը,«Nest Labs» ընկերության հիմնադիր,«IPod»ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելըև «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։