Հասարակական

Անդրանիկ Քոչարյանը խիստ կարևորում է Միքայել Հարությունյանի վերադառնալն ու բացատրություն տալը

3 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանը խիստ կարևորում է Միքայել Հարությունյանի վերադառնալն ու բացատրություն տալը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խիստ կարևոր է համարում, որ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը վերադառնա Հայաստան ու պատասխանի որոշակի հարցերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:

Քոչարյանը նախ նշեց՝ Միքայել Հարությունյանին հանձնաժողով հրավիրելու մտադրություն միշտ ունի, այդ ուղղությամբ իր մտահաղացումները փորձում է դարձնել իրականություն: «Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է պաշտպանության համար մեկ պաշտոնյան: Չի կարող թեկուզ մեկ վայրկյան պաշտպանության նախարար աշխատած մարդը թողնել երկիրը, հեռանալ ու որևէ բացատրություն չտալ»,-ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց՝ Հարությունյանը պետք է վերադառնա և պատասխանի հարցերին, տա բացատրություն, թե ինչպես է ծնվել հայտնի 0038 հրամանը:

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Ծանուցում.ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀ քրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում