Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:
«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
We salute the #Dutch Parliament stance on opening of a resident Embassy in #Yerevan. The move is a manifestation of support to the democratic developments in Armenia. The Embassy will strengthen the long-standing partnership between #Armenia and the #Netherlands. pic.twitter.com/5yo0cRbsEO
— MFA of Armenia (@MFAofArmenia) November 15, 2019
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ևս շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին: «Հայաստանը բարձր է գնահատում ձեր բարեկամությունն ու նվիրումը: Անհամբերությամբ սպասում եմ Երևանում Նիդերլանդների դրոշի բարձրացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է դեսպան Բալայանը՝ հիշատակելով դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարտին վան Հելվերտին, Սվեն Կոփմանսին, Շուրդ Վիմեր Շուրդսմային:
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Մեծամասնություն ունեցող կոալիցիան արդեն վերաբաշխում է կատարել երկրի հաջորդ տարվա բյուջեում՝ նախատեսելով ֆինանսական հատկացումը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, նոյեմբերի 14-ին ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է, որ պատրաստ է իրականացնել խորհրդարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդն ընդգծել էր, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: