Հայաստանն ու Հունաստանը միշտ բարեկամներ են եղել. նախագահների տիկնայք այցելեցին Պատմության թանգարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն ու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Նրանց ուղեկցեց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում շրջելուց հետո ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը միշտ բարեկամ երկրներ են եղել և մշտապես աջակցել են միմյանց: «Մեր անցյալն ու ճակատագիրը նման են, այնպես որ կարևոր էր պարոն Պավլոպուլոսի և նրա տիկնոջ այցը Հայաստան: Դա ավելի ամրապնդեց մեր երկրների միջև բարեկամությունը»,-նշեց Նունե Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ տիկին Պավլոպուլուն մասնագիտությամբ իրավաբան է, երեք երեխա ունի և արդեն տատիկ է: «Մենք քննարկելու ընդհանուր թեմաներ ունեինք: Նա հիացած է մեր երկրի մշակույթով: Լինելով հույն և ունենալով այդքան հարուստ հին մշակույթ` մեզ համար դժվար էր տիկին Պավլոպուլուին ներկայացնել մեր հնագույն ժառանգությունը, բայց տեսանք, թե ինչպես է նա հիանում թանգարանի գեղեցիկ ցուցանմուշներով, որոնցից յուրաքանչյուրը հարուստ պատմություն ունի»,-շեշտեց տիկին Սարգսյանը:

Խոսելով Հունաստանի հետ համատեղ ծրագրերից` նա ընդգծեց, որ հեռանկարում հնարավոր է երկու երկրները համագործակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: «Հայաստանն ու Հունաստանը, լինելով հնագույն երկրներ, ունեն բազմաթիվ կոթողներ, հուշարձաններ, արվեստի նմուշներ, որոնք անհրաժեշտ է խնամել: Մենք այս մեծ աշխարհում չենք կարող դա միայնակ անել, և մեզ աջակցություն է հարկավոր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս դեպքում շատ օգտակար կառույց է»,-ասաց նախագահի տիկինը:

Վերադառնալով Հայաստանի պատմության թանգարան այցին` Նունե Սարգսյանը նշեց, որ սա այն թանգարանն է, որտեղ ինքն առանց վարանելու կայցելի տարբեր հյուրերի հետ, քանի որ այն բարվոք վիճակում է: «Ցավոք, մեր ոչ բոլոր թանգարաններն են ներկայանալի: Մի քանի օր առաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում էի: Այն բավականին լավ վիճակում է, միայն կոսմետիկ խնամքի կարիք ունի: Օրերս նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էի, որն այնքան էլ լավ վիճակում չէ: Այն հոգատարության կարիք ունի: Հուսով եմ` բոլորս դրան ուշադրություն կդաձնենք և կանենք հնարավորը, որ այդ և մեր այլ մեծերի տուն-թանգարաններն ավելի ներկայանալի դառնան»,-եզրափակեց Նունե Սարգսյանը:

Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն շնորհակալություն հայտնեց տիկնոջը հյուրընկալության համար: «Երբեք ժամանակը բավարար չէ ամեն ինչից հաճույք ստանալու համար: Իսկ սա հետաքրքիր այց էր ինձ համար»,-խոստովանեց նա:

Պավլոպուլուն շեշտեց` Հայաստանի պատմության թանգարանում թաքնված գանձերն ապացուցում են, որ երկու երկրները ընդհանուր պատմական անցյալ ունեն և կարողանում են մինչ օրս պահպանել բարեկամական հարաբերությունները:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Հայերեն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին