ՀՀ զինուժը ձեռք է բերում նոր արդիական զինատեսակներ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ զինուժը ձեռք է բերում նոր արդիական զինատեսակներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/994025.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը թե 2019-ին, թե 2020-ին տարբեր երկրներից ձեռք կբերի նոր ու արդիական զինատեսակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2020-ի բյուջեի մասին օրենքի նախագծի փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք է բերում մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ: Եվ 2019-ին, և 2020-ին թե պայմանագրային եղանակով, թե վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն ու միայն նոր ու արդիական կարողություններ՝ տարբեր երկրներից»,-ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով բյուջետային հատկացումներին՝ Տոնոյանը նշեց՝ որպես պաշտպանության նախարար կցանկանար կրկնապատկել, եռապատկել այդ բյուջեն։ Սակայն, հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները, տնտեսական հնարավորությունները, նախարարը ներկայիս բյուջեն համարում է բավարար՝ բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքելու համար: