Արցախ

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ ի պատիվ Արցախի պատվիրակության

2 րոպեի ընթերցում

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ ի պատիվ Արցախի պատվիրակության

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և նրա գլխավորած պատվիրակության: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ընդունելությանն ունեցած իր ելույթում Արցախի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներին։

Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կառույցների ներկայացուցիչներին հետևողական գործունեության համար՝ ուղղված Միացյալ Նահանգներում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումը հեռանկարներ է բացում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում նոր հաջողություններ արձանագրելու համար։

Միջոցառման ժամանակ Մասիս Մայիլյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Հայ Դատի Միչիգան նահանգի հանձնախմբի համանախագահ Լարա Ներսեսյանին հանձնել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում