Արցախ

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

2 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս,Հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից1915-1923թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար։

Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։

Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում