Կարևորը խոստումը պահելն է.Եղեռնի մասին ֆիլմն ուղղված էր նոր ցեղասպանությունները կանխելուն.Էսրայելյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրումից ավելի քան 2 տարի հետո անգամ դրա մասին արձագանքները և ֆիլմի միջոցով Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածների մեկնաբանությունները չեն դադարում: Ֆիլմի հայազգի պրոդյուսերը գրեթե ամեն օր ստանում է նմանատիպ նամակներ: Նա շեշտում է՝ իրենց նպատակը մարդկանց լացել ստիպելը չէ, «Խոստումը» ֆիլմի նպատակը ներկայացվել է ֆիլմի վերջին նախադասությամբ` «Մենք դեռ այստեղ ենք»: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ:

-Պարոն Էսրայելյան, նախ հետաքրքիր է, թե ինչպես ստացաք առաջարկը` մասնակցություն ունենալու այդ նշանակալի ֆիլմի ստեղծման աշխատանքներին:

-Ես շատ բախտավոր եմ, որ իմ լավ ընկեր Քըրք Քըրքորյանն առաջարկեց ինձ աշխատել ծրագրի վրա: Հիանալի թիմը, և, ես կասեի, նաև հայ ժողովուրդն աջակցեցին ինձ: Ես միշտ պարտավորության զգացողություն եմ ունեցել, իմ մեծ տատն ու պապը Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են, և ես պարտքի զգացում ունեի: Եվ ինձ համար հիանալի առիթ էր, բախտ էր, որ շատ մարդիկ, ովքեր ֆիլմարտադրությունից ավելի լավ են հասկանում, քան ես, օգնեցին ինձ այդ ճանապարհին: Կարծում եմ, որ մարդիկ պատմությունն ամբողջությամբ չգիտեն. մենք ստեղծեցինք խաղարկային ֆիլմ` որպես հնարավորություն`1-2 ժամում ներկայացնելով պատմությունը, բայց միևնույն ժամանակ ստեղծեցինք վավերագրություն: Խաղարկային ֆիլմը սահմանափակված է ժամանակային առումով, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ վավերագրությունը ևս օգտակար է՝ ներկայացնելու պատմության կարևոր ասպեկտները, ինչպիսին են, օրինակ, Մուսա լեռան հերոսամարտը, դեսպան Մորգենթաուի (1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում-հեղ.) և Թալեաթի (Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարը, որը եղել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից) միջև հանդիպումներին, որոնք լավ փաստագրվել են: Այդ ձևն օգտակար էր նաև ցույց տալու, թե ժխտողականությունն ինչ խորն է: Մենք հայերս պատմությունը շատ լավ գիտենք, սակայն մյուսները ևս պետք է տեղյակ լինեն: Քըրքորյանը հորդորել էր ֆիլմը պատրաստել շատ հատուկ ձևով, հատուկ հրահանգներով: Եվ մենք արեցինք այնպես, ինչպես ինքն ուզեց, այն պետք է լիներ ասես վիզուալ թանգարան:

-Ֆիլմը միայն կոմերցիոն նպատակ չէր հետապնդում, ի՞նչ եք կարծում նմանատիպ ֆիլմերը որքանով կարող են նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, և արդյոք ֆիլմի հիմնական նպատակը հենց դա՞ է եղել:

-Ֆիլմի գլխավոր նպատակն էր պատմել մեր պատմությունը՝ հնարավոր տեսանելի մեխանիզմներով: Մենք ցեղասպանության պատմական փաստերի մասին հիանալի գրքեր ունենք, բայց նաև պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, ֆիլմարտադրությունը՝ այդ պատմությունն աշխարհին ցույց տալու համար: Նպատակը պարզապես ֆիլմ ստեղծելը չէր, այլ մարդկանց տեղյակ պահելը: Մենք սոցիալական շարժում էինք սկսել՝ «Պահպանենք խոստումը» (#KeepThePromise), Քըրքորյանը խոստացավ ֆինանսավորել ֆիլմը, մենք խոստացանք ֆիլմն ավարտին հասցնել, երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը, և մենք հիմա պետք է խոստանանք՝ երբեք թույլ չտալ այլ մարդկանց նկատմամբ կրկին ցեղասպանություն գործել: Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք փաստացի այդքան կյանք ու ազդեցություն ունեն, որքան «Խոստումը» ունի այսօր:

-Պարոն Էսրայելյան, արդյոք ֆիլմի արդյունքները, դրա վերաբերյալ արձագանքները Ձեզ գոհացնո՞ւմ են:

-Առաջին հերթին շատ քննադատներ երբեք ֆիլմ չեն նկարահանել, շատ հեշտ է խոսել որևէ բանի մասին: Մենք ունենք 50 տոկոս դրական, 50 տոկոս բացասական արձագանքներ, բայց եթե նայեք լսարանի գնահատականին` դրականը ավելի քան 90 տոկոս է: Մենք գերազանց գնահատականներ ունենք, և դեռ շարունակում ենք ստանալ դրանք: Գրեթե ամեն օր աշխարհի որևէ ծայրից գրություն եմ ստանում, որում ասում են, որ նայել են ֆիլմը, և որ նախկինում տեղյակ չէին Հայոց ցեղասպանության մասին: Ինձ համար դա բավարար է: Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ մեկին, ով ասաց, որ նայել են ֆիլմը, և այն պահին, երբ հասկացել են Մուսա լեռան պատմությունը, չեն կարողացել զսպել լացը: Սակայն գլխավոր ձգտումը մարդկանց լացել ստիպելը չէ: Մենք հատուկ նպատակ ունենք, և այդ նպատակի մի մասը ներկայացված էր ֆիլմի վերջում` ներկայացնել, որ հայերը ոչ միան փրկվել են, այլ նաև բարգավաճել: Ֆիլմի վերջին նախադասությունը` «Մենք դեռ այստեղ ենք», հիշեցում է աշխարհին, որ մենք դեռ այստեղ ենք: Դա պարզապես անցյալի աղետ չէ, մենք դրանից պետք է սովորենք, մենք երբեք չենք կարող մոռանալ, բայց կարծում եմ, որ մենք նաև հնարավորություն ու պարտավորություն ունենք` մեծ գործեր կատարելու:

-Արդյոք ֆիլմը միայն Հայոց ցեղասպանության մասին էր, թե նաև նպատակ ուներ՝ կանխելու մարդկային աղետները:

-Հայոց ցեղասպանությունն արդեն եղել է, կարծում եմ, որ այն, ինչ մենք պետք է անենք, ֆիլմը կապելն է այլ դաժանությունների հետ: Մենք ցավոք տեսնում ենք, որ նույնը տեղի է ունեցել Հոլոքոստի, Կամբոջայի ցեղասպանության դեպքում: Մենք տեսնում ենք, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ դրսևորված դաժանությունն ու անմարդկայնությունը, ցավոք չեն փոխվում:

-Եվ վերջում, պարոն Էսրայելյան, դուք աշխատում եք բժշկության ոլորտում, ինչպե՞ ս եք համատեղում այն պրոդյուսերության հետ` եթե նկատի ունենանք նաև, որ դրանք միանգամայն տարբեր հմտություններ են պահանջում:

-Չեմ քնում (կատակում է-հեղ.)։ Ես սիրում եմ գիտությունը, ես ուրախ եմ, որ ֆիզիկոս եմ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծագործ լինելը, գիտությամբ զբաղվելը և մարդկանց օգնելու հնարավորությունն օրհնություն են ինձ համար: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ հետաքրքրվում արվեստով, քանի որ բժիշկ եմ: Այն ինձ օգնում է լուծելու խնդիրները, ստեղծագործ լուծումների հանգելու:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում