Հասարակական

Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար գրիպի թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա զուտ մարդասիրական քայլ է:

«Այս տարվանից սկսած՝ 2-3 տարվա մեջ ենք նախատեսում դա: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերով: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ նրանք հիմնականում քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող, հեմոդիալիզ ստացող անձինք ենք:

Նախարարը նշեց՝ առաջնայինն ու կարևորը հիմա երիկամի փոխպատվաստումն է, սակայն մյուս օրգանների՝ լյարդի, սրտի, թոքի փոխպատվաստումը, որոնք շատ բարդ են, կրկին հետագայում կփորձեն անել: Թորոսյանը նկատեց՝ երիկամների փոխպատվաստումը կենդանի դոնորներից այս տարի շատ ակտիվացել է: 2019-ին մոտ 2 անգամ ավելի շատ փոխպատվաստում են արել, քան նախկինում, և այդ ամենը մասամբ իրականացվել է պետության հաշվին։ Պետությունն ամեն փոխպատվաստման համար 2.5 մլն դրամ գումար է հատկացնում:

Անդրադառնալով դիակային դոնորներից փոխպատվաստման վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը շեշտեց՝ հայաստանցիները լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում 30-150 հազար դոլար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից: Հայաստանը ներկայում շատ սերտորեն համագործակցում է Բելառուսի հետ, որտեղ փոխպատվաստումը լավ գործում է: Նախարարը նշեց՝ Բելառուսն աշխարհում փոխպատվաստման իրականացմամբ լավագույն տեղում է: Օրեր հետո Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, տեղի է ունենալու լյարդի 2-րդ փոխպատվաստումը կենդանի դոնորից, հայ մասնագետներին կօգնեն Բելառուսի գործընկերները:

Նախարարը շեշտեց՝ դիակային դոնորներից փոխպատվաստման համար իրավական ակտերի մակարդակով ամեն ինչ կա, որոնք պետք է կիրառվեն պրակտիկայում՝ սկսած ուղեղային մահ ախտորոշումը դնելուց: Քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը տրված չլինի, օրգաններ չեն կարող վերցնել դոնորից: Հայաստանում դիակային փոխպատվաստման համար գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը: «Ով չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները օգտագործվեն այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է հրաժարականի դիմում գրել և մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք: Իսկ ով չի գրի, օրգանները կկարողանանք օգտագործել»,-նշեց նախարարը:

Թորոսյանը խիստ կարևորեց, որ ուղերձը ճիշտ ընկալվի, որ դա զուտ մարդասիրական քայլ է՝ ուրիշի կյանքը փրկելու համար, ուրիշ ոչինչ: Նախարարը նկատեց՝ եթե այդ թեման դառնա շահարկումների և քաղաքական դիվիդենտներ քաղելու թեմա, հնարավոր է վտանգի տակ դրվի: «Սակայն դա նշանակելու է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունից զրկում: Ունենք մոտ 1000 դիալիզային հիվանդ. Ծրագրից հրաժարումը նրանց կզրկի հարաբերականորեն ավելի լավ կյանքով ապրելու հնարավորությունից»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս թեմայի վերաբերյալ իր լսած քննադատություններն առողջապահության և բժշկության հետ քիչ կապ ունեն:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն